ՊԵԿ-ի լայնամասշտաբ գործողությունները․ 139 խանութից առգրավվել է ավելի քան 2000 շիշ կեղծ օղի
Կարդացեք նաև
Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը Երևանում և մարզերում իրականացված ծավալուն միջոցառումների արդյունքում բացահայտել է ալկոհոլային խմիչքների ապօրինի շրջանառության խոշոր սխեմա։ 139 մթերային խանութներում հայտնաբերվել և շրջանառությունից դուրս է բերվել ինքնարժեքից ու շուկայականից ցածր գներով վաճառվող, կեղծ հսկիչ նշաններով 2179 շիշ օղի։ Գործողությունների ընթացքում արձանագրվել են նաև միևնույն դրոշմանիշերի բազմակի օգտագործման դեպքեր։
Արձանագրված իրավախախտումների փաստերով ՊԵԿ-ն արդեն 24 հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Կոմիտեն հորդորում է արտադրողներին ու վերավաճառողներին զերծ մնալ ստվերային գործունեությունից, խմիչքները ձեռք բերել բացառապես հաշվարկային փաստաթղթերով և չխաբել սպառողներին։ ՊԵԿ-ը միաժամանակ կոչ է անում քաղաքացիներին գնումներ կատարելիս ուշադրություն դարձնել ապրանքի գնին և E-MARK հավելվածի միջոցով ստուգել դրոշմանիշերի իսկությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում