Հայաստանը փոխում է կացության կարգավիճակի տրամադրման կանոնները․ փոփոխությունները կազդեն նաև հազարավոր ռելոկանտների վրա
Կարդացեք նաև
2026 թվականի նոյեմբերի 1-ից Հայաստանն արմատապես փոխում է օտարերկրացիներին կացության կարգավիճակ (ԿԿ) տրամադրելու ընթացակարգերը։ «Օտարերկրացիների մասին» օրենքում ընդունված փոփոխությունների համաձայն՝ հայտերի ընդունումը կտեղափոխվի միասնական էլեկտրոնային հարթակ, կբարձրացվեն պետական տուրքերը, իսկ օտարերկրյա գործարարներից կպահանջվի ապացուցել իրական բիզնես գործունեություն երկրում։ Բացի այդ, իշխանությունները հնարավորություն կստանան սահմանելու ԿԿ տրամադրման ամենամյա քվոտաներ։ Ռեֆորմն էականորեն կազդի նաև հազարավոր ռուսաստանցիների վրա, որոնց համար Հայաստանը դարձել էր ռելոկացիայի հիմնական ուղղություններից մեկը։
Օրենսդրական նորամուծություններով նախկին երեք տեսակի կարգավիճակների փոխարեն կգործեն երկուսը՝ ժամանակավոր (մինչև 1 տարի) և մշտական (5 տարի ժամկետով)։ «Երկրի զարգացման գործում նշանակալի ավանդի համար» տրվող հատուկ 10-ամյա կարգավիճակն այլևս նոր դիմորդներին չի տրամադրվի։ Ազգությամբ հայերը կպահպանեն առանձին հիմքով մշտական կարգավիճակ հայցելու իրավունքը, իսկ նախկինում տրված փաստաթղթերը վավեր կմնան մինչև դրանց ժամկետի ավարտը։
Փոփոխություններն ամենաշատը կզգան բիզնեսի հիմքով ԿԿ ձևակերպողները։ Անհատ ձեռնարկատերերից այսուհետ կպահանջվի դիմում ներկայացնելուց առաջ 60 օրվա ընթացքում ունենալ առնվազն 1 միլիոն դրամի (շուրջ 2480 եվրո) շրջանառություն կամ նույնչափ գումար ձեռնարկատիրական բանկային հաշիվներին։ Առևտրային ընկերություններում մասնակցության հիմքով դիմողներից կպահանջվի կրկնակի ավելի ներդրում կատարել կանոնադրական կապիտալում կամ ձեռք բերել արժեթղթեր։ Բարձրացել են նաև պետական տուրքերը․ ժամանակավոր ԿԿ-ի համար՝ 105 հազարից դառնալով 150 հազար դրամ, իսկ մշտականի համար՝ 140 հազարից 250 հազար դրամ, ընդ որում՝ մերժման դեպքում գումարը չի վերադարձվելու։
Հետևեք մեզ նաև Telegram-ում