«Վտանգավոր նախադեպ». Պապոյանը զգուշացնում է ԵԱՏՄ հնարավոր որոշման հետևանքներից

«Վտանգավոր նախադեպ». Պապոյանը զգուշացնում է ԵԱՏՄ հնարավոր որոշման հետևանքներից

Ազգային ժողովում կայացած քննարկումների ժամանակ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն անդրադարձել է հայկական արտադրանքի՝ ռուսական շուկա մուտք գործելու խոչընդոտներին։ Նա հայտարարել է, որ հայկական կողմն այս հարցը դիտարկում է բացառապես որպես տնտեսական վեճ և արդեն իսկ պաշտոնական քայլեր է ձեռնարկել։

«Այնուամենայնիվ, մենք այս հարցը դիտարկում ենք որպես տնտեսական վեճ։ Կարծում ենք, որ Հայաստանի նկատմամբ կիրառված սահմանափակումներն անհիմն տնտեսական սահմանափակումներ են։ Հենց այդ պատճառով էլ խոչընդոտ ճանաչելու նախաձեռնությամբ դիմել ենք ԵԱՏՄ հանձնաժողովին»,– նշել է Գևորգ Պապոյանը։

Նախարարի խոսքով՝ հայկական կողմն ունի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, և ռուսական կողմի ներկայացրած պահանջներն ու պայմանները լիովին կատարված են։ Չնայած այս հանգամանքին՝ սահմանափակումները շարունակում են պահպանվել։

«Ակնկալում ենք, որ հանձնաժողովը կկայացնի արդարացի որոշում։ Հակառակ դեպքում, եթե նման որոշում կայացվի Հայաստանի դեմ, կարող է վտանգավոր նախադեպ ձևավորվել, երբ ցանկացած պետության նկատմամբ ցանկացած պահի հնարավոր կլինի նման սահմանափակումներ կիրառել»,– զգուշացրել է նա։

Ամփոփելով խոսքը՝ Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ Հայաստանը մտադրված է մինչև վերջ անցնել ԵԱՏՄ իրավական մեխանիզմների ճանապարհը՝ կա՛մ հասնելով խնդրի հանգուցալուծմանը, կա՛մ սպառելով այս հարթակում հարցը կարգավորելու բոլոր հնարավորությունները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում