Ազգային շահերի պաշտպանությունը չի կարող պայմանավորվել անձնական ազատությամբ. Սամվել Կարապետյանի ուղերձը
Կարդացեք նաև
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն անդրադարձել է նոյեմբերի 9-ի խորհրդին, 44-օրյա պատերազմի հետևանքներին և երկրում ստեղծված անվտանգային մարտահրավերներին:
«Նոյեմբերի 9-ը յուրաքանչյուր հայի համար մեր նորագույն պատմության ամենածանր օրերից է։ Օր, որը հիշեցնում է, թե ինչպես մի ամբողջ ազգ 44 օր աննահանջ պայքարեց հանուն հայրենիքի, սակայն այդ ողջ ընթացքում երկրի ղեկավարների ճակատագրական սխալների հետևանքով կանգնեց ծանրագույն կորուստների ու պարտության առաջ։
Այսօր՝ վեց տարի անց, մենք շարունակում ենք կրել այդ սխալների հետևանքները։
Ես նախկինում էլ ասել եմ՝ անգամ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը դեռ ուներ բանակցային դիրքեր, որոնց ճիշտ օգտագործման դեպքում հնարավոր էր պահպանել Արցախը, չունենալ գերիներ Բաքվի բանտերում և չկորցնել Հայաստանի տարածաշրջանային կշիռը։
Սակայն այդ հնարավորությունները մսխվեցին։ Եվ այսօր Ադրբեջանը շարունակում է պայմաններ թելադրել Հայաստանին՝ ընդհուպ միջամտելով Հայաստանի ներքին գործերին և պահանջելով փոխել մեր Սահմանադրությունը։
Սա այն քաղաքականության հետևանքն է, որով պետական շահի հետևողական պաշտպանությունը փոխարինվել է միակողմանի զիջումներով։
Այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է ազգային համախմբում։ Անկախ նրանից՝ մենք բանտում ենք, Ազգային ժողովում, թե Հայաստանի ցանկացած անկյունում, մեր պայքարը չի կասեցվելու և մնում է նույնը՝ հանուն անկախ Հայաստանի, ազգային արժանապատվության և գալիք սերունդների անվտանգ ապագայի։
Դա են մեզանից պահանջում Եռաբլուրում ձայնարկող եռագույնները և գալիք սերունդների հանդեպ մեր պատասխանատվությունը։
Հավերժ փա՛ռք մեր հերոսներին։ Խունկ և խոնարհում նրանց անմահ հիշատակին»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում