Երասխում հարգանքի տուրք են մատուցել վեց տարի առաջ զոհված ռուս օդաչուների հիշատակին

Երասխում հարգանքի տուրք են մատուցել վեց տարի առաջ զոհված ռուս օդաչուների հիշատակին

Նոյեմբերի 9-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, 102-րդ ռուսական ռազմաբազայի, «Էրեբունի» ավիաբազայի, Հայաստանում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության, ինչպես նաև դիվանագիտական և հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ միասին այցելել են Արարատի մարզի Երասխ գյուղում գտնվող հուշահամալիր։ Այն նվիրված է վեց տարի առաջ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման ընթացքում ողբերգականորեն զոհված Մի-24 ուղղաթիռի ռուս օդաչուների հիշատակին։

Հիշեցնենք, որ այդ ողբերգությունը տեղի էր ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի ղեկավարության և Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից ստորագրված՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին եռակողմ հայտարարության օրը։

Հուշահամալիրում ունեցած իր ելույթում ռուսական դիվանագիտական առաքելության ղեկավարն ընդգծել է տարածաշրջանում իրավիճակի կարգավորման համար կյանքը տվածների հիշատակը վառ պահելու կարևորությունը։

«Իրոք, հենց այս օրը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների կողմից ստորագրվեց եռակողմ հայտարարություն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին։ Ռուսաստանը և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինը նշանակալի ջանքեր գործադրեցին արյունալի պատերազմը կանգնեցրած պայմանավորվածությունների ձեռքբերման համար։ Դրանց իրականացումն, ի թիվս այլոց, վճարվել է նաև ռուս խաղաղապահների կյանքի գնով»,- նշել է դեսպանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում