Հերթական խոստո՞ւմ, թե՞ քաղաքական հաշվարկ. Նիկոլ Փաշինյանը նոր Սահմանադրության ընդունումը պայմանավորել է պաշտոնից հեռանալու հայտարարությամբ
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նոր Սահմանադրության ընդունումը նշանակելու է Հայաստանի պետական մոդելի փոփոխություն և անցում Չորրորդ հանրապետության՝ միաժամանակ խոստանալով հեռանալ զբաղեցրած պաշտոնից՝ անկախ հանրաքվեի արդյունքներից։
Ներկայացնելով նոր Սահմանադրության նախագծի ընդունման անհրաժեշտությունը՝ Փաշինյանը պնդել է, թե Երրորդ և Չորրորդ հանրապետությունների հիմնական տարբերությունը հակամարտության բացակայությունն է։ Նրա խոսքով՝ նոր մոդելի հիմքում դրված են քաղաքացիների անվտանգությունը, ազատությունը, բարեկեցությունն ու իրավունքների պաշտպանությունը, մինչդեռ Երրորդ հանրապետությունը կառուցվել էր հակամարտության տրամաբանությամբ, ինչն իր արտացոլումն էր գտել նաև 1990 թվականի օգոստոսի 23-ի Անկախության հռչակագրում։
Ըստ Փաշինյանի՝ նոր Սահմանադրության նախագծի 8-րդ հոդվածով Հայաստանի արտաքին քաղաքականության նպատակ է սահմանվում խաղաղության ապահովումը, ինչը հրաժարվում է Անկախության հռչակագրի կոնֆլիկտային տրամաբանությունից։ Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների շուրջ հնչող գնահատականներին՝ նա հերքել է, թե գործընթացն իրականացվում է արտաքին ճնշումների ներքո՝ պնդելով, որ նպատակը պետականության հարատևության ապահովումն է, «ֆորպոստի տրամաբանությունը» հաղթահարելը և երկիրը «հողափոր խրամատից խաղաղության խաչմերուկ» դարձնելը։ Նա համոզմունք է հայտնել, որ նոր Սահմանադրության ընդունումից հետո Հայաստանը խաղաղության համաձայնագիր կստորագրի Ադրբեջանի հետ և կունենա ինստիտուցիոնալ, տևական ու անշրջելի խաղաղություն՝ միաժամանակ նշելով, որ Ղարաբաղյան հակամարտության բանակցային նախկին տրամաբանությունը կարող էր հանգեցնել պետականության կորստի։
Խոսելով սպասվող հանրաքվեի հնարավոր ելքերի մասին՝ Փաշինյանը ներկայացրել է իր հետագա քայլերի երկու սցենար։ Նա հայտարարել է, որ եթե քաղաքացիները դեմ քվեարկեն նախագծին և նոր Սահմանադրությունը չընդունվի, ինքը հրաժարական կտա և կհեռանա կառավարության ղեկավարի պաշտոնից, իսկ կողմ քվեարկելու դեպքում կշարունակի պաշտոնավարել մինչև հաջորդ ընտրությունները, սակայն հաջորդ՝ հերթական կամ արտահերթ ընտրություններում այլևս չի առաջադրի իր թեկնածությունը։
Նիկոլ Փաշինյանը նաև առաջարկել է խորհրդարանական ընդդիմությանը կողմ քվեարկել սահմանադրական հանրաքվե նշանակելու որոշմանը՝ հիշեցնելով, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը հանրաքվե նշանակելու համար անհրաժեշտ ձայներից պակասում է չորս ձայն, և հույս է հայտնել, որ ընդդիմադիր ուժերը կաջակցեն նախաձեռնությանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում