Իրանը չի բավարարվի TRIPP նախագծի վերաբերյալ միայն հայկական կողմի հավաստիացումներով. Թեհրանի արձագանքը

Իրանը չի բավարարվի TRIPP նախագծի վերաբերյալ միայն հայկական կողմի հավաստիացումներով. Թեհրանի արձագանքը

Իրանը մտադիր չէ բավարարվել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի իրականացման շուրջ բացառապես հայկական կողմի հավաստիացումներով և շարունակելու է ուշադիր հետևել գործընթացին։ Այս մասին երկուշաբթի օրը կայացած ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

Անդրադառնալով Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական դասավորության հնարավոր փոփոխության և Իրանի սահմանների մոտ արտատարածաշրջանային ուժերի հայտնվելու ռիսկերին՝ Բաղային շեշտել է, որ TRIPP նախագծի հարցը դուրս է միայն արտաքին քաղաքական գերատեսչության իրավասության շրջանակից և ունի համապետական նշանակություն։ Նրա խոսքով՝ Թեհրանը չի սահմանափակվելու այլ կողմերի խոստումներով, իսկ երկրի բոլոր համապատասխան կառույցները հետևում են զարգացումներին և անհրաժեշտության դեպքում կձեռնարկեն համապատասխան միջոցներ։

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Թեհրանի սկզբունքային դիրքորոշումն անփոփոխ է. Իրանը կողմ է տարածաշրջանում տնտեսական կապերի զարգացմանն ու տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սակայն պարտադիր է համարում հաշվի առնել հարևան պետությունների շահերը և թույլ չտալ աշխարհաքաղաքական դասավորության փոփոխություն։ Նրա գնահատմամբ՝ առանձնահատուկ կարևորություն ունի երրորդ երկրների և ուժերի միջամտության կանխումը, որոնց ներկայությունը կարող է սպառնալ տարածաշրջանային անվտանգությանը, ապակայունացնել իրավիճակը և բացասաբար անդրադառնալ Իրանի ու տարածաշրջանի պետությունների բարիդրացիական հարաբերությունների վրա։

Խոսելով Թեհրանի և Երևանի միջև պատմականորեն ձևավորված կապերի մասին՝ Բաղային ընդգծել է, որ Հայաստանի անկախացման պահից ի վեր կառուցված փոխադարձ վստահությունը չպետք է վտանգվի այնպիսի երրորդ երկրների միջամտության պատճառով, որոնք որևէ նշանակություն չեն տալիս տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը։ Նա հիշեցրել է, որ Իրանը բազմիցս անընդունելի է համարել իր սահմանների մոտ որևէ ռազմական կամ ուժային կառույցի տեղակայումը։ ԱԳՆ խոսնակի փոխանցմամբ՝ թեև հայկական կողմը տրամադրել է անհրաժեշտ երաշխիքները, և երկու երկրների հարաբերություններում առկա է վստահության բարձր մակարդակ, իրանական կողմը չի պատրաստվում այդ վստահությունը տարածել նախագծի երրորդ մասնակիցների վրա՝ շարունակելով սերտ կապ պահպանել Հայաստանի համապատասխան կառույցների հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում