Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը երկարացվել է
Կարդացեք նաև
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը երկարացվել է երեք ամսով։ Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ նշելով, որ Աշոտյանի՝ անազատության մեջ գտնվելու ընդհանուր ժամկետը կազմում է 950 օր։
Փաստաբանը հույս է հայտնել, որ գործընթացը չի հասնի 1000 օրվա տխուր «նշաձողին»։
Ավելի վաղ՝ օգոստոսի 31-ին, Հակակոռուպցիոն դատարանը ևս երեք ամսով երկարաձգել էր Աշոտյանի տնային կալանքը, իսկ հոկտեմբերի 16-ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժել էր խափանման միջոցի դեմ պաշտպանների բողոքը։
Աշոտյանը հունիսի 5-ին կալանավորվել էր Բրյուսովի անվան համալսարանին պատկանող 208,9 մլն դրամ (մոտ 580 հազար դոլար) արժողությամբ գույքի ենթադրյալ ապօրինի օտարման գործով, ինչից հետո կալանքը փոխարինվել էր տնային կալանքով։ Մինչ այդ ՀՀԿ փոխնախագահը մեկ այլ քրեական գործով՝ Երևանի պետական բժշկական համալսարանի համար անշարժ գույքի ձեռքբերման ժամանակ ենթադրյալ չարաշահումների շրջանակում, կալանքի և տնային կալանքի տակ էր եղել ընդհանուր 777 օր։ Այդ վարույթով նրան մեղադրանք էր առաջադրվել 2022 թվականի նոյեմբերին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման հատկանիշներով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում