Մայր Աթոռում նշվել է առաջին լուսավորիչների տոնը, Սուրբ Գեղարդը տարվել է աղոթասրահ
Կարդացեք նաև
Նոյեմբերի 28-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնել է հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը։ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի կոնդակով այս օրը հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր։
Տոնի առթիվ Միածնաէջ Մայր Տաճարում Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ, որի պատարագիչն էր Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը։ Արարողությանը ներկա են եղել թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ և բազմաթիվ ուխտավորներ։ Պատարագի ընթացքում թափորով և Կաթողիկոսի ձեռամբ Սուրբ Գեղարդը տեղափոխվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մոմավառության աղոթասրահ, որտեղ պահվում են նաև Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների մասունքները։
Քարոզում Հայկազուն արքեպիսկոպոսը խոսել է առաքյալների ուղու և կերպարանափոխության մասին՝ նշելով, որ Տերն ընտրել է պարզ ու անուս մարդկանց, որոնք Հարությունից հետո աներկյուղ քարոզել են Ավետարանը։ Նա հիշեցրել է, որ Սուրբ Թադեոսն ու Սուրբ Բարդուղիմեոսը քրիստոնեությունը բերել են Հայաստան և ժառանգություն թողել Սուրբ Գեղարդն ու Աստվածամոր պատկերը։ Սրբազան Հայրը շեշտել է, որ հալածանքներով չի կարելի ստվերել ճշմարտությունը, իսկ հավատքը պետք է երևա մարդու վարքով ու ապրելակերպով. «Եթե մեր քրիստոնեությունը մեզ ավելի լավ մարդ չի դարձնում, դա նշանակում է՝ մենք ձախողվել ենք. ոչ թե քրիստոնեությունն է ձախողվել, այլ մենք ենք ձախողվել քրիստոնյա լինելու մեր կոչման մեջ»։
Հայկազուն Սրբազանը փաստել է, որ հայ ժողովուրդն իր հավատքն ստացել է բուն ակունքից՝ Քրիստոսից, և սերնդեսերունդ անխաթար է պահել այն։ Նա հավատացյալներին հորդորել է հավատարիմ մնալ նախնյաց ավանդություններին, սեփական օրինակով դաստիարակել երեխաներին, մնալ լույսի որդիներ և առանց երկյուղի ընթանալ հավատքի ճանապարհով։
Պատարագի ավարտին Հայոց Հովվապետն օրհնել է ներկաներին «Պահպանիչ» աղոթքով, որից հետո հավատացյալները Մոմավառության աղոթասրահում երկրպագել ու համբուրել են Սուրբ Գեղարդը։ Սրբությունն այնտեղ կմնա մինչև Երեկոյան ժամերգության ավարտը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում