Սպիտակի ընտրություններ. հազարավոր ընտրողներ զրկվել են ձայնի իրավունքից

Սպիտակի ընտրություններ. հազարավոր ընտրողներ զրկվել են ձայնի իրավունքից

Սպիտակի համայնքապետի ընտրությունների ընթացքն ամփոփելիս «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը հայտարարել է, որ քվեարկության իրավունքից զրկված քաղաքացիների թիվը հասնում է հազարների։ Նրա խոսքով՝ խոսքը ոչ թե տասնյակ կամ հարյուրավոր մարդկանց մասին է, այլ հազարավոր բնակիչների, որոնք չեն կարողացել իրացնել իրենց ակտիվ քաղաքական իրավունքը։

Մելոյանը պատմել է, որ նման խնդրի առաջ է կանգնել նաև իրենց թեկնածուն՝ արցախցի քաղաքացի, ով բնակվում և հաշվառված է Սպիտակում։ Նա ոստիկանության անձնագրային բաժանմունքից ստացել է համապատասխան տեղեկանք, որի հիման վրա գրանցվել է որպես թեկնածու, և թե՛ ոստիկանությունը, թե՛ Կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները նրա հետ կապված իրավական խնդիր չեն արձանագրել։ Սակայն ընտրությունների օրը պարզվել է, որ թեկնածուն ընտրողների ցուցակներում ընդգրկված չէ, ինչի պատճառով կուսակցության ներկայացուցիչները ստիպված են եղել դիմել անձնագրային բաժանմունք։

Կուսակցության ներկայացուցչի փոխանցմամբ՝ տեղում արձանագրվել են նաև կուտակումներ և տարբեր բնույթի միջամտություններ։ Մելոյանն առանձնացրել է հատկապես 22/14 և 22/15 ընտրատեղամասերի շրջակայքում ստեղծված իրավիճակը, որոնք տեղակայված են նույն դպրոցի տարածքում և սպասարկում են բազմաթիվ ընտրողների։ Նրա խոսքով՝ այդ տեղամասեր տանող միակ նեղ արահետի սկզբնամասում գործել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շտաբը, որտեղ մեծ կուտակումներ են առաջացել։ Մելոյանը նշել է, որ մոտակայքում գտնվող ոստիկանական մեկ-երկու մեքենա բարձրախոսով կոչ է արել չկուտակվել, սակայն ներկաները հաշվի չեն առել ոստիկանության հորդորները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում