Վաղաժամ ազատման օրենքը գործել է Յուրի Վարդանյանի որդու դեպքում

Վաղաժամ ազատման օրենքը գործել է Յուրի Վարդանյանի որդու դեպքում

Վաղաժամ պայմանական ազատման հանձնաժողովը հավանություն է տվել Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանի որդի Դավիթ Վարդանյանի դիմումին: Դիմումն ուղարկվել է դատարան, և դրական վճիռ է կայացվել, արդյունքում՝ Վարդանյանը վաղաժամ ազատվել է պատժից: Այս մասին Epress.am-ին հայտնել է ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
Վարդանյանը ազատ է արձակվել դատավճռի հրապարակումից մոտ 3 ամիս անց: Այս տարվա սեպտեմբերին նա մեղավոր էր ճանաչվել ՀՀ ՔՕ 215-րդ հոդվածի (մաքսանենգություն) 2-րդ մասով և 268-րդ հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 3-րդ մասով և դատապարտվել 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:
Նշենք, որ պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը Հայաստանում, իրավապաշտպանների կարծիքով, չի գործում և ձևական բնույթ ունի: Այս հարցը բազմիցս բարձրացրել են նաև ԱԺ պատգամավորները, իսկ դատապարտյալների ծնողները մի քանի անգամ բողոքի ակցիաներ են անցկացրել:
Պատժի երկու երրորդը կրելուց հետո՝ դրական վարք դրսևորած դատապարտյալները դիմում են հանձնաժողովին, սակայն դիմումների մեծ մասը մերժվում է:

Աղբյուրը` http://www.epress.am/2014/12/18/261141.html

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում