Տոտտիի սելֆին, Ֆաուլերի թմրանյութը և գոլեր տոնելու ևս 9 վառ տարբերակ

Տոտտիի սելֆին, Ֆաուլերի թմրանյութը և գոլեր տոնելու ևս 9 վառ տարբերակ

Ֆրանչեսկո Տոտտիի` գոլը սելֆի անելով հենց դաշտում տոնելն առիթ է վերհիշելու նախկինում գոլերն յուրօրինակ ձևերով տոնելու փորձերը:

Նորամուծությունները չեն շրջանցում ֆուտբոլիստներին.  նրանք կա՛մ ընկերաբար կատարում են «Gangnam style»-ը, կա՛մ որևէ այլ բան: Ֆրանչեսկո Տոտտիին երիտասարդ ու նորաոճ սերնդի շարքին չես դասի, սակայն հենց նա է առաջին ֆուտբոլիստը, ով սելֆի արեց հենց դաշտում: Ներկայացնում ենք նմանատիպ դեպքերի ևս 10 օրինակ:

Տոտտիի սելֆին

Ֆրանչեսկո Տոտտին գոլերը վառ գույներով նշողներից է: Հաճախ նա գոլերը տոնում է մարզաշապիկի տակից ներքնահագուստի գրությունը ցուցադրելով: Կամ էլ ծաղրում է «Լացիոյի» երկրպագուներին, կամ ներողություն խնդրում երկար ժամանակ գոլ չխփելու համար, կամ էլ էլի ինչ-որ բան: Մի անգամ նա, ի պատիվ իր հղի կնոջ, «ծննդաբերություն» բեմադրեց հենց դաշտում` խաղընկերները գնդակը հանում էին նրա մարզաշապիկի տակից: Իտալիայի առաջնության 18-րդ տուրի` «Լացիոյի» հետ խաղում նա ցույց տվեց, որ չնայած իր տարիքին` հետ չի մնում երիտասարդներից: Լեգենդը գոլ խփելուց հետո մարչից վերցրեց IPhone-ը և «Ռոմայի» երկրպագուների տրիբունայի ֆոնին սելֆի արեց, իսկ խաղից հետո հրապարակեց Instagram-ի իր էջում:

«Ամբողջ շաբաթվա ընթացքում մտածում էի սելֆիի մասին, սովորում էի անել դա,-պատմում է Ֆրանչեսկոն:-Հիմա դա նորաձև է, ես չեմ սիրում անձնական կյանքիս մասին ծավալվել, սակայն եզակի հնարավորություն ունեցա, որը երբեք չի կարող կրկնվել: Դա իմ հեռախոսն էր, ու ես մարզիչ Գիդո Նանիին խնդրեցի այն ինձ տալ, եթե գոլ խփեմ»: 

Տուփերը, ֆոտոխցիկը, գլխարկն ու ծերուկ Էտո’ո-ն

Սամուել Էտո’ո-ն, թերևս, ամենաերևակայողն է գոլերը տոնելու առումով: Նա օրիգինալությամբ աչքի է ընկել դեռևս «Բարսելոնայում»: Մի անգամ գոլ խփելուց հետո նա հանգիստ քայլերով գնաց դեպի դարպասը, որտեղ գտնվում էին լուսանկարիչները, նրանցից մեկից խցիկ վերցրեց ու սկսեց լուսանկարել խաղընկերներին: Ավելի ուշ կամերունցին նույնը կրկնեց նաև «Ինտերում», գուցե նա ձգողականություն ունի ֆոտոխցիկների նկատմամբ: Մեկ այլ դեպքում գոլ խփելուց հետո նա ներկաներից մեկից տուփ վերցրեց, ու իրեն որպես գնորդ ներկայացրեց: «Անժիում» էլ նա «Լոկոմոտիվի» դարպասը գրավելուց հետո վերցրեց ոստիկաններից մեկի գլխարկն ու դրեց գլխին: Նշենք, որ Սամուելից առաջ նման բան արել էր ԲԿՄԱ-ից Վագներ Լավը: «Չելսիում» էլ հարձակվողը ցույց տվեց, որ ավելի մեծ է տարիքով, քան գրված է անձնագրում ու խփած գոլը տոնեց ծերունու կերպարով: Նա կաղում էր ձեռքը մեջքին, իսկ անկյունաձողը նրան որպես ձեռնապայտ էր ծառայում:

Ֆլորենցիի տատիկը

Այս մրցաշրջանում հուզիչ կերպով իր գոլը նշեց «Ռոմայի» ևս մեկ ֆուտբոլիստ: Ալեսսանդրո Ֆլորենցին «Կալյարիի» դարպասը գրավելուց հետո անցավ ցանկապատի միջով և հայտնվեց մարդկան մեջ: Որպեսզի գրկի սիրելի տատիկին:

-Նա պարզապես ֆանտաստիկ կին է,-ապրումներով կիսվում է Ֆլորենցին:- Նա արդեն 82 տարեկան է, բայց ոչ մի անգամ խաղերիս չէր եղել: Տատիկը զգուշացրել էր, որ կգա, եթե գոլ խփեմ: Այնպես որ, գոլս միայն նրա համար է:

Տևեսի ծծակը

«Յուվենտուսի» հարձակվող Կառլոս Տևեսը այս մրցաշրջանում «Միլանի» դարպասին իր գոլը յուրահատուկ ձևով տոնեց: Նա նախապես պլանավորել էր և դարպասը գրավելուց հետո բերանին մանկական ծծակ դրեց ու ցուցադրեց տեսախցիկներին: Այս կերպ արգենտինացին գոլը նվիրեց իր փոքրիկ տղային, ով ծնվել է անցյալ փետրվարին:

Վուչինիչի վարտիքը

Հարձակվող Միրկո Վուչինիչը դաշտում հակվածություն է ցուցաբերում մերկապարի նկատմամբ: Իր կարիերայում երկու անգամ նա գոլերը տոնեց կիսատաբատը հանելով և գլխին դնելով: Նա այդ հնարքը կիրառեց Եվրո 2012-ի նախընտրական փուլում` Չեռնոգորիայի հավաքականի կազմում, իսկ դրանից հետո` «Յուվենտուսում»: Վուչինիչի խոսքով` նա երկու անգամն էլ ակամա է ցուցադրել ներքնազգեստը: Ավելի ուշ նա խոստացավ այլևս նման բան չանել:

Ֆաուլերի թմրանյութը

«Լիվերպուլի» հարձակվող Ռոբբի Ֆաուլերը 15 տարի առաջ 4 խաղով որակազրկվեց և մեծ տուգանք վճարեց գոլը` ֆուտբոլի պատմության մեջ ամենասկանդալային կերպով տոնելուց հետո: Վիրավորվելով «Էվերթոնի» երկրպագուների` թմրանյութերի օգտագործման մեղադրանքներից` նա իր ձևով պատասխանեց նրանց:  Ֆաուլերը դեմքով թեքվեց երկրպագուների կողմն ու ձևացրեց, թե հոտոտում է: Անգլիայի Ֆուտբոլի ասոցիացիայում հումորը չգնահատեցին, նրա արարքն ընկալվեց որպես ոչ պրոֆեսիոնալ և վիրավորական պահվածք:

Լուկարելլիի սեքսը

Եվս մեկ սադրիչ «տոնում». Կրիստիանո Լուկկարելին բավականին օրիգինալ մարդ և ֆուտբոլիստ է, սակայն որոշ բաներ չեն տեղավորվում օրիգինալության սահմաններում: Գոլ խփելով` Կրիստիանոն պատռեց մարզաշապիկը և… Միայն հասկանալի չէ, թե ինչու մարզաշապիկը «կատարեց» զուգընկերուհու դեր: 

Դաննիի շնիկը

Իրականում շան նմանակումը որպես գոլի տոնման տարբերակ մեկ անգամ չէ, որ օգտագործվել է: Ամենահնչեղ դեպքերից մեկը «Զենիթից» Դանիի դեպքն էր: Նա միզող շնիկի էր նմանակում «Պորտուի» և «Դրագաուի» դարպասները գրավելուց հետո: Մրցակիցը շատ բարկացավ, հաշվի առնելով, որ պորտուգալացին հանդես էր եկել նրանց սկզբունքային հակառակորդ «Սպորտինգում»: Միգելն ինքը պարզաբանեց ասելով, որ դա կատակ էր երեխաների խնդրանքով, որոնց օրեր առաջ կնոջ հետ շնիկ էին նվիրել, վերջինս էլ միզել էր բազմոցին:

Սավայի դիմակը

Հարձակվող Ֆակունդո Սավան քիչ առիթներ է ունեցել եվրոպական ֆուտբոլում հայտնի լինելու համար: «Ֆուլհեմում» նրա գոլերը կարելի է մատների վրա հաշվել, դրանց տոնելը նույնպես: Նա նախապես մարզագուլպայում Զորրոյի դիմակ էր թաքցրել, որը կրեց խփած գոլից հետո: Նմանատիպ ձևով գոլը տոնել է նաև Դորտմունդի «Բորուսսիայի» հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը` օգագործելով «Սարդ Մարտու» դիմակը:

Կրաուչի ռոբոտը

Կրաուչի վրա շատ են ծիծաղել, բայց նա երբեք չի դադարել գոլ խփել: Նա սեփական ոճն է հորինել դրանք տոնելու համար: Ի շնորհիվ նրա` այդ մեթոդը շատ իրատեսական է դիտվում: Կրաուչը գոլեր խփելիս ռոբոտի է նմանակում, ով շարժում է ոտքերն ու ձեռքերը: Ի դեպ, կյանքում էլ նա հետաքրքրված է ռոբոտատեխնիկայով:

Ջիմմի Բալլարդ ուսուցիչը

Այս դրվագից մեկ տարի առաջ «Հալլի» մարզիչ Ֆիլ Բրաունը, խաղի ելքից դժգոհ, հենց դաշտում սկսեց տեսարան սարքել` մեղադրելով խաղացողներին: Իրավիճակը նման էր ուսուցիչ-աշակերտներ հարաբերությունների: «Մանչեսթեր Սիթիի» դարպասին խփած գոլից հետո Ջիմմի Բալլարդը իր շուրջը հավաքեց խաղընկեր-«աշակերտերին» ու սկսեց մատը թափ տալով խոսել նրանց հետ: Զվարճալի մտահղացում էր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում