Ավետիսյանների հարազատները վախենու՞մ են Պերմյակով 2-ից` հրաժարվելով դիմել նախաքննական մարմիններին
Նմանատիպ
ԳԱԼԱ-ն գրում է`
Գյումրեցի Ավետիսյանների ընտանեկան սպանդից անցել է արդեն 13 օր: Արդեն 13 օր բոլորը գիտեն, թե ինչ է տեղի ունեցել, սպանվել են ընտանիքի բոլոր անդամները՝ դաժանորեն եւ գազանաբար: Սակայն հարկ է ընդգծել, որ սպանության գործում տուժողների իրավահաջորդները կամ ներկայացուցիչները ընդգրկված չեն, հետեւաբար նրանք չունեն նաեւ իրենց շահերը ներկայացնող կամ պաշտպանող անձ: Համենայնդեպս ՀՀ դատախազությունը կամ քննչական կոմիտեն չի հրապարակում գործով տուժող կողմի իրավահաջորդի որեւէ անուն:
Եվ զարմանալին միայն սա չէ, այլեւ այն, որ սպանված ընտանիքի հարազատները հիմա արդեն հայտարարում են, որ իրենք հրաժարվում են ներգրավվել սպանության գործում, այսինքն չեն ցանկանում հանդես գալ որպես տուժողի իրավահաջորդ:
«Մենք չենք դիմել ու էնքան ժամանակ չենք դիմելու, մինչեւ որ մեր կարիքը խիստ անհրաժեշտ լինի, իրանք մեզ տեղյակ կպահեն, այն ժամանակ նոր մենք կդիմենք»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց ընտանիքի ամենամտերիմ բարեկամներից մեկը՝ Ավետիսյանների դուստրերից մեկի ամուսինը: Ու սա մեր զրուցակիցը բացատրեց նրանով, որ «ո՛չ ժամանակ կա, ո՛չ… մենք ոչ մի տեղ, ոչ մեկին էլ չենք դիմել, էդ ամեն ինչը քաղաքապետարանի հսկողության տակ է, երբ կդիմենք՝ հայտնի չէ»:
Նկատենք, որ բառացիորեն երեք օր առաջ հարազատները պնդում էին, որ դիմելու են նախաքննական մարմիններին, որպեսզի Ավետիսյանների դուստրերը ճանաչվեն որպես գործով տուժողի իրավահաջորդներ:
Հետաքրքիր է՝ ի՞նչ փոխվեց հիմա…
Ենթադրենք, որ նրանց հետ չեն հանդիպել ու խորհուրդ էլ չեն տվել «առայժմ գործից հեռու մնալ, որ չխանգարեն նախաքննությանը եւ որ կարողանան իրականությունը արագ բացահայտել», եւ ընդունենք, որ տուժող կողմի հարազատները դեռեւս ողբերգությունից ու տեղի ունեցած ոճրագործությունից չեն սթափվել եւ այս պահին չեն կարեւորում գործին իրենց մասնակցությունը: Իսկ հետաքրքիր է՝ ի՞նչ են մտածում նախաքննություն իրականացնող կողմը, ՀՀ իրավապահները:
ՀՀ քննչական կոմիտեից դեռ օրեր առաջ մեկնաբանեցին, որ Ավետիսյանների հարազատներին գործում չներգրավելու պատճառն այն է, որ նրանք սգո արարողություններով էին զբաղված եւ պատեհ ժամանակը չէր նրանց գործում ընդգրկելու, նաեւ հույս հայտնեցին, որ հավանաբար իրենք կդիմեն ու կճանաչվեն որպես տուժող կողմի իրավահաջորդ:
Սակայն Ավետիսյանների փեսայի ասածից կարելի է ենթադրել, որ ոչ միայն դուստրերը, այլեւ բարեկամներից ոչ մեկը առայժմ չի դիմելու, եւ ավելին, որոշվել է, որ մտադիր չեն դիմելու իրավապահ մարմիններին, որ իրենց ներգրավեն գործում որպես տուժողի իրավահաջորդներ: Եվ սպասելու են, երբ անհրաժեշտություն առաջանա եւ իրենց տեղյակ պահեն այդ մասին…
Սա մտածելու տեղիք է տալիս…
Այն, որ նախաքննություն իրականացնող կողմն էլ շահագրգիռ չէ, որ տուժող կողմի իրավահաջորդներ ներգրավեն գործում, կարծում եմ այս հարցում այլ կարծիք լինել չի կարող, այլապես ոչինչ չէր խանգարի դա անել. Ավետիսյանների բարեկամներին ու հարազատներին հավանաբար հարցաքննել են: Նրանց կարելի էր նաեւ բացատրել ու ներգրավել գործում, ու հետո փաստաբանի միջոցով ապահովվեր նրանց ներկայությունը նախաքննության ընթացքում: Ի վերջո հանցագործության մեջ մեղադրվող անձի համար, ով դեռ կասկածյալի կարգավիճակում էր, հայրենի իրավապահներն ահագին աշխատանք էին տարել: Ինչպես առաջին փաստաբան Թամարա Յայլոյանն էր ասում, նրան խնդրել էին, որ Վ. Պերմյակովին բռնելուց հետո նա հարցաքննվի միայն փաստաբանի ներկայությամբ:
Հիմա ինչո՞ւ նույնը չի արվում յոթ հոգի կորցրած հարազատների պարագայում… մի բան պարզ է, տուժող կողմի իրավահաջորդների ներգրավումը գործում նրանց փաստաբանի միջոցով ավելի բաց գործընթաց է ենթադրում: Վերջիվերջո տուժողների հարազատներին եւ նրանց միջոցով նաեւ հասարակությանը շատ բաներ հասու կլինեն, ինչը տվյալ պարագայում ձեռնտու չէ քննություն անցկացնող հիմնական կողմին՝ ՌԴ իրավապահներին:
Աղբյուրը` http://galatv.am/hy/news/vetisyanneri-harazatnern-arayjhm-hrajharvum-en-dimel-naxaqnnakan-marminnerin-gorcum-orpes-tujhoghi-iravahajord-irenc-nergravelu-hamar/
Հետևեք մեզ նաև Telegram-ում