Այսօր բնակարանամուտ են տոնել 61 սպաներ

Աբովյան քաղաքում օգոստոսի 4-ին տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի զինծառայողների համար նախատեսված բնակելի շենքի բացման հանդիսավոր արարողությունը:

Արարողությանը ներկա են գտնվել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ինչպես նաև բարձրաստիճան զիվորականներ, զինված ուժերի սպաներ, տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչներ:

Բնակարանամուտ են տոնել 61 զինծառայողներ, որոնց շնորհավորելով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ զինծառայողների սոցիալական ապահովության հարցը պաշտպանության նախարարության գերակա խնդիրներից մեկն է և հավելել, որ այն գտնվում է երկրի ղեկավարի անմիջական հսկողության ներքո:

Բնակարանների հանձնման արարողությունից հետո Սեյրան Օհանյանը շրջայց է կատարել նորաբաց բնակելի շենքում, ծանոթացել բնակարանային պայմաններին: Պաշտպանության նախարարը գոհունակությամբ արձանագրել է, որ զինծառայողների համար նախատեսված բնակարաններն ապահովված են կենցաղային բոլոր հարմարություններով:

Նշենք, որ 2007 թվականից ի վեր ՀՀ-ում կառուցվել և շահագործման են հանձնվել ավելի քան 1200 բնակարան, որոնք հատկացվել են ազատամարտիկներին, զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին և զինված ուժերի սպաներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում