Հերոսությունը գործով ցույց կուդան, ոչ թե գրելով. Միայնակ Գայլ

Հերոսությունը գործով ցույց կուդան, ոչ թե գրելով. Միայնակ Գայլ

Սամվել Խաչատրյան (Միայնակ Գայլ) ծնվել է 1962 թ. ապրիլի 29-ին Գյումրիում, զոհվել՝ 1991 թ. նոյեմբերի 7-ին Հադրութի շրջանի Խրմնջուղ գյուղում:

1989 թվականն էր, երբ Սամվելը որոշեց միանալ Արցախյան շարժմանը: 27 տարեկան էր, դեռ բազում չիրագործված նպատակներ ուներ, բայց հայրենիքի կանչն ավելի զորեղ գտնվեց: Խաչատրյանների բազմազավակ ընտանիքի երկրորդ երեխան էր, հայրենիքի, հայրենասիրության մասին ուներ իր պատկերացումները, որոնք դեռ մանկուց էին ձևավորվել:

7-րդ դասարան էր, -հիշում է Սամվելի քույրը, երբ դպրոցում հանձնարարել էին գրել շարադրություն «Հերոսները կյանքում» վերնագրով: Սամվելն այդպես էլ ոչինչ չի գրում՝ հանձնելով դատարկ տետրը, իսկ ուսուցչուհու հարցին, թե ու՞ր է աշխատանքը՝ պատասխանում է. «Ընկե՛ր Քնարիկ, հերոսությունը գործով ցույց կուդան, ոչ թե գրելով»:
Շատ կատակասեր էր, հատկապես տատիկին շատ էր սիրում, հարազատները պատմում են, թե ինչպես էր խորհրդային բանակ զորակոչվելուց առաջ կատակով ասել. «Տա՛տ ջան, չմեռնես մինչև գամ, ես քու թաղումդ հեչ մարդու չեմ վստահե»:

Բանակից հետո վերադառնում է հայրենի քաղաք, աշխատելուն զուգընթաց մարզվում՝ գերազանց տիրապետելով կարատե-դո մարզաձևին:

«Բազմաթիվ նպատակներ ուներ, Ամերիկան իր երազանքների երկիրն էր, որոշել էր՝ հենց ամուսնանար, գնալու էր, բայց չհասցրեց»,- նշում է քույրը՝ տիկին Մանիկը:

Արցախյան շարժման սկսվելուց հետո Գյումրիում 1989թ. ձևավորվում է «Ուրարտու» փրկարարական ջոկատը, Սամվելը համալրում է նրանց շարքերը:

«Սկզբում ուղղակի զենքեր էին տեղափոխում Արցախ, չէինք պատկերացնում հարցի լրջությունը, չէինք մտածում, որ կռիվ կլինի: Շատ մեծ հպարտություն էինք զգում, երբ ազատամարտիկի հագուստով տուն էր գալիս, երբ կողքով քայլում էի, մարդիկ մոտենում էին եղբորս՝ հարցնում ` «Հն Սամվել ջան, ի՞նչ է լինելու»: Մենք չէինք պատկերացնում, բայց ինքը գիտեր, որ դա է իր ճանապարհը»,-հիշում է տիկին Մանիկը:

Շատ են փորձել հետ պահել, բայց որոշել էր՝ պետք է գնար. «Ի՞նչ է, սպասեմ մինչև թուրքը տու՞նս հասնի»:

Ուրարտու ջոկատում Սամվելը մարտական պարապմունքների մարզիչ էր նշանակվել, տղաներին պատրաստել, հայրենասիրական ոգին բարձրացնել էր հարկավոր: «Էդքան հեշտ չէր միանգամից գնալ ու մարդ սպանել: Պատերազմի դաշտ էր, ամեն ինչ էր հնարավոր: Սամվելը մեզ պատրաստում էր և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես», – նշում է մարտական ընկերը՝ Նապոլեոն Հակոբյանը:

Միասին որոշել էին, միասին էլ մեկնել կռվի դաշտ: Առաջին մարտական գործողությունները Գորիսում են տեղի ունեցել: Ամբողջ ձմեռ նրանք պաշտպանում էին Խոզնավար և Խնածախ գյուղերը: Ճիշտ է՝ կռվին 10-15 օր հերթափոխով էին մասնակցում, բայց Սամվելին հնարավոր չէր համոզել, որ տուն գա. «Ի՞նչ է, սանատորիա եմ էկել, որ 10 օր մնամ»,- ասում էր Սամվելը:

«1989թ. դեկտեմբերին,- հիշում է մարտական ընկերը, Գյումրիում բոլորը գերեզմանոց էին գնում երկրաշարժի զոհերի հիշատակը հարգելու, մենք էլ պետք է գնայինք, ինչքան էլ փորձեցինք, Սամոյին չկարողացանք համոզել, որ մեզ միանա, ստիպված ուժով դրեցինք մեքենա»:

Տանը եղած ժամանակ պատերազմից ոչինչ չէր պատմում, հարազատների, հարևանների հարցերին էլ կարճ պատասխանում էր. «Լավ կլինի»: Մարտական ընկերների հետ հանդպումներն էլ գաղտնի էին անում: Երկար չէր կարողանում մնալ տանը, շտապում էր ժամ առաջ հասնել Գորիս, դեռ անավարտ գործեր ուներ: Թուրքերի վայրագությունները տեսնելուց հետո վրեժխնդրության ծարավը խեղդում էր: Գորիսի անտառներից մեկում տեսնելով 17 տարեկան աղջկա խոշտանգված դին ծառից կախված վիճակում, չոքելով դիակի առաջ՝ երդվել էր. «մինչև վրեժդ չլուծեմ, ստեղից չեմ գնա»:

Եվ իսկապես, գնաց միայն այն ժամանակ, երբ վրեժը լուծված էր: Բայց կռիվը դեռ ավարտված չէր: Հանգիստ նստել չէր կարող: Որոշել էր, պետք է գնար Արցախ: Բայց այս անգամ միայնակ:

Մարտական ընկերոջ խոսքով այդ ժամանակ զենք հայթայթելը շատ դժվար էր, պետք է ճարեին կյանքի գնով, իրենց ոչ ոք զենք չի տվել: Թե՛ Գորիսի գյուղերի, թե՛ Լաչինի պաշտպանության ժամանակ կռվել են փայտերով, 6-10 հոգով ունեցել են ընդամենը մեկ հրացան: Միևնույն ժամանակ շատ հնարամիտ են եղել: Ժպիտով է հիշում, թե ինչպես են Խնձորեսկի պաշտպանության ժամանակ մեծ լապտերները կապել ավանակին ու սարից բաց թողել: Թուրքերը տեսնելով սարսափահար փախել են՝ մտածելով, թե հայերը լազեր են օգտագործում:

Արցախ գնալու համար Սամվելը կարողացել էր զենք գտնել. «Զենք մենակ Սամոն ուներ, պայմանավորվել էինք, որ գնալու էր, 10-15 օր հետո հետ դառնար, որ մեզանից մեկը գնար, մինչև կարողանայինք զենք ճարել բոլորս: Բայց գնաց ու իր սովորության համաձայն հետ չեկավ»:

Շատ մաքրասեր էր սիրում էր, որ հագուստը կոկիկ դասավորված է լինում: Ճանապարհի ճամպրուկն էլ գնալուց առաջ միշտ վստահում էր քրոջը: Ինքը չէր սիրում դասավորել: «Մանի՛կ, ֆիդային կճամփես, արցունք չտեսնիմ»,- այսպիսին է լինում հերոսի արձագանքը, երբ քույրն արցունքն աչքերին հավաքում էր իրերը:

1991թ. սեպտեմբերի 18-ին հակառակ հարազատների հորդորներին ուղղաթիռով մեկնում է Արցախ: Նախքան ուղղաթիռը նստելը անգամ հրամանատարն է փորձում համոզել. «Սա՛մ, մի՛ արի, մնա՛, ամուսնացի՛»: Գորիսում մի աղջկա էր հավանել, որոշել էր, որ հենց կռիվն ավարտվի, անպայման ամուսնանալու է…

Արցախում նրան բոլորը Միայնակ Գայլ էին անվանում: Սիրում էր միայնակ կռվի դուրս գալ: Ահ ու սարսափ էր տարածում ադրբեջանական գյուղերում: Սպիտակ պոչով դանակ ուներ, ասում էր «տղե՛րք, գնացինք որսի», չէին համաձայնվում, մենակ էր գնում:

Այնինչ Արցախում երկար մնալ չհաջողվեց: Նոյեմբերի 7-ին հերթական ադրբեջանական գյուղը մտնելուց լուրեր են տարածվում, որ գալիս է ՕՄՕՆ-ը, փորձում են հետ քաշվել, բայց Սամվելը ընկերների՝ Վարդանի ու Խաչիկի հետ ընկնում են շրջափակման մեջ: Նրանց ո՛չ, բայց գյուղն հաջողվում է փրկել: Ընկերներից մեկի՝ Մարտիկի միջոցով, ով տեղանքին լավ ծանոթ էր, կարողանում են լուր հասցնել Խրմնջուղ, որ թշնամին մոտենում է:

Շրջափակումից այդպես էլ չեն կարողանում դուրս գալ: Հերոսի մահով են ընկնում տղերքը` մահվանից առաջ փրկելով մի ամբողջ գյուղ: Ինչպես հիշում են մարտական ընկերները՝ վերջին բանը, որ լսել են, Սամվելի խրոխտ երգն էր. «Ելե՛ք տղերք հայկազուն, գնա՛նք մենք դեպ Սասուն» ու կրակոցներ…Ընկնում է հերոսը երգը շուրթերին:

Մահվան լուրը գնդակի արագությամբ է հասնում Գյումրի: Այնինչ մայրն հավատով սպասում էր, որ որդին անպայման վերադառնալու է, անգամ մատանի էր գնել, որ գալուն պես ամուսնացներ:

Դիակն այդպես էլ չի հաջողվում հետ վերադարձնել թշնամին հավաստիացրել էր, որ իրենք դիակներ չեն պահում:

Հերոսի մասունքներն ամփոփված են Գյումրիի եղբայրական գերեզմանոցում, գյումրեցի մյուս քաջերի կողքին:

Ելենա ԹՈՐՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում