Հայաստանի թիմը Տանկային բիաթլոնի փորձնական մրցումներում զիջել է միայն ՌԴ-ին և Չինաստանին (տեսանյութ)

Հայաստանի թիմը Տանկային բիաթլոնի փորձնական մրցումներում զիջել է միայն ՌԴ-ին և Չինաստանին (տեսանյութ)

Մոսկվայում կայանալիք «Միջազգային ռազմական խաղեր-2015»-ի  Տանկային բիաթլոնի մրցաշարի փորձնական մրցումներում Հայաստանի թիմը բավականին լուրջ արդյունք է գրանցել՝ զիջելով միայն ՌԴ-ին և Չինաստանին: Այս մասին տեղեկացնում է «Զվեզդա» հեռուստաընկերությունը:

«Առաջին պարապմունքին ամենից ճշգրիտ արդյունքը գրանցեցին ՌԴ-ի և Չինաստանի տանկիստները: Նրանց հաջորդեցին Հայաստանի և Նիկարագուայի թիմերը»,-նշվում է հոդվածում:

Արդեն գալիք շաբաթ օրը` օգոստոսի 1-ին, կմեկնարկեն պաշտոնական մրցումները:

Միաժամանակ,  ՏԱՍՍ-ի հաղորդմամբ,  ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Վաղինակ Սարգսյանը հայտարարել է, որ ծրագրվում է հաջորդ տարվանից ընդլայնել հայկական  թիմերի կազմը Միջազգային ռազմական խաղերում և մասնակցել մրցումների մեծ մասին. «Հաջորդ տարի գրեթե բոլոր մրցումներին հնարավոր է մասնակցենք, բացի ծովայինից»:

Այս տարի Հայաստանը մասնակցում է միայն «Տանկային բիաթլոն»-ին: Նախորդ տարի հայ տանկիստներն այս մրցաձևում զբաղեցրել էին երկրորդ տեղը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում