ԱԶԿ-ն խորհրդարանական արտահերթ ընտրություններում կփորձի ազատվել քրդական կուսակցությունից

ԱԶԿ-ն խորհրդարանական  արտահերթ ընտրություններում կփորձի ազատվել քրդական կուսակցությունից

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» և քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունների միջև կառավարական կոալիցիա չի կազմվի:

Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը, այս մասին քեմալական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի հետ հանդիպումից հետո հայտարարել է Թուրքիայի վարչապետ, իշխող կուսակցության առաջնորդ Ահմեդ Դավութօղլուն:

«Ընդդիմության հետ կոալիցիոն կառավարության համար որեւևհնարավորություն չկա», -ասել է նա:«Թուրքիայում արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժշետություն է ծագել: Մեծ հավանականությամբ այդպես էլ կլինի: Որովհետեւ կոալիցիոն կառավարություն ստեղծելու համար պայմաններ չկան: Ես նախապատվությունը տալիս եմ Թուրքիայի խորհրդարանի որոշման համաձայն արտահերթ ընտրություններին», -հայտարարել է Դավութօղլուն:

Թուրքիայի խորհրադարանական ընտրությունները, որտեղ իշխող ԱԶԿ-ն 2002թ-ից ի վեր ստացել էր ամենաքիչ ձայները, անբարենպաստ պայմաններ էին ստեղծել Էրդողանի ծրագրերի իրականացման համար:

Հիշեցնենք, որ սույն թ-ի հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքում ԱԶԿ-ն ստացել էր ձայների 41-ը, որի դիմաց Մեջլիսում ձեռք բերեց 258 մանդատ: Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը ստացել է ընտրողների քվեների 25 տոկոսը՝ ապահովելով խորհրդարանում 133 մանդատ, «Ազգային շարժում» կուսակցությունը`17 տոկոսը՝ ստանալով 83 մանդատ: Քրդական ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը, որն առաջին անգամ էր մասնակցում ընտրություններին, կարողացել է հաղթահարել 10 տոկոսի ընտրաշեմը և 70 մանդատով հայտնվել է երկրի խորհրդարանում:

Խորհրդարանական ընտրություններում ԱԶԿ-ն իր առջև դրված նպատակներից չհասավ և մինիմալին: Կուսակցության մաքսիմալ նպատակը խորհրդարանում 367 մանդատի ստացումն էր, որպեսզի կարողանար առանց այլ կուսակցությունների միջամտության առաջ քաշեր սահմանադրական փոփոխությունների փաթեթը և միայն սեփական կուսակցության ուժերով Մեջլիսում անցկացներ այն: Նվազագույն սպասելիքները 330 մանդատի ստացումն էր, որը հնարավորություն կտար Մեջլիսում առաջ քաշել Սահմանադրության նախագիծը, և եթե նույնիսկ այն չընդունվեր օրենսդիր մարմնում, ապա համաձայն թուրքական սահմանադրության, այն կարելի կլիներ ներկայացնել նախագահին: Այս արդյունքին էլ հնարավոր չեղավ հասնել: Չնայած, ԱԶԿ-ն ճանաչվեց հաղթող, սակայն այն միաժամանակ նաև կարելի է պարտություն որակել` հաշվի առնելով ԱԶԿ-ի չարդարացած սպասումները: Պարտություն էր նաև այն տեսանկյունից, որ կուսակցության դիրքերը գնալով թուլանում է երկրում: Այսպես ԱԶԿ-ն դեռևս 2002թ-ին շռանդալից հաղթանակով տոնեց իր մուտքը Մեջլիսում` ձեռք բերելով 363 մանդատ: 2007թ-ի ընտրություններում տեղերի քանակը նվազեց` հասնելով` 341-ի, իսկ 2011թ-ի ընտրությունների ընթացքում ԱԶԿ-ն կարողացավ ձեռք բերել ընդամենը 327 մանդատ:
Մեջլիս անցած կուսակցություններից ոչ մեկի հետ կոալիցիայի ստեղծման հավանականության կարծես թե չկա և ԱԶԿ-ն կփորձի օգտագործել նաև երկրորդ սցենարը. նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել:

Ներկա պահին Թուրքիայում ոչ պակաս կարևոր խնդիր է նաև երկրի ներսում քրդերի հետ բախումները: Չնայած Մեջլիս անցած քրդական Ժողվրդա-դեմոկրատական կուսակցությունը կոչ է անում դադարեցնել Թուրքիայի արևելյան շրջաններում հարձակումները և ռազմական գործողությունները, սակայն նման պայթունավտանգ իրավիճակում ԱԶԿ-ն կցանկա, որպեսզի քրդերի ձայնը լռեցվի օրենսդիր մարմնում: Եթե Թուրքիայում նոր խորհրդարանական ընտրություններ նշանակվի, ԱԶԿ-ն ամեն ջանք պետք է գործադրի, որպեսզի քրդական կուսակցությունը չկարողանա հաղթահարել տաս տոկոսի շեմը: Բացառված չէ, որ այդ կապակցությամբ գործի կդրվեն բոլոր լծակները, կօգտագործվեն վարչական ռեսուրսները և ընտրակեղծիքի մեթոդները:

Էրդողանի համար կարևոր է նաև իր միահեծան իշխանության համար խորհրդարանում մեծամասնության ապահովումը` կապված նաև արտաքին խնդիրների լուծման հետ: Թուրքիան փաստացի ռազմական միջամտություն է կատարում Սիրիայի տարածքում: Պատերազմական հարցերում գործընկերների հետ համաձայնության գալը այդքան էլ դյուրին գործ չէ, ուստի ԱԶԿ-ն կցանկանա նոր խորհրդարանական ընտրությունների միջոցով հասնել բացարձակ իշխանության, որպեսզի զսպող ուժեր չլինեն` իրականացնելու Էրդողանի վաղեմի ցանկությունը` պատերազմ հայտարարել Ասադի իշխանությանը:

Առաջրիկայում հնարավոր է Թուրքիայում ձևավորվի փոքրամասնության անցումնային կառավարություն, իսկ նոյեմբերին անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որտեղ ԱԶԿ-ն ամեն ջանք կգործադրի քրդական կուսակցությունից խլելու  ներկայումս ստացած տեղերը:

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում