Առաջարկություններ կրթության բարելավման վերաբերյալ

Առաջարկություններ կրթության բարելավման վերաբերյալ

Ահա և սկսվեց նոր՝ 2015-2016 ուս տարին: Նորից աշակերտները և ուսուցիչները դասի են գնալու, նորից են սկսում հուզումնառատ օրերը բոլորիս համար, նորից հարցեր են ծագելու՝ իսկ արդյո՞ք ամեն ինչ է, որ լավ է ընթանում մեր երկրում կրթության բնագավառում:

Այս հոդվածով նշում ենք մի քանի խնդիրներ, որոնց հետ մենք՝ ուսուցիչներս, առընչվում ենք ամեն օր դպրոց մտնելիս, և անում առաջարկություններ դրանց վերաբերյալ:

1 Հիմնական դպրոցի տնօրինությունը որևէ մեկի առջև հաշվետու չի լինում իր 9-րդ դասարաններն ավարտած շրջանավարտների կրթվածության ու դաստիարակվածության վերաբերյալ: (Այստեղից էլ՝ հիմնական դպրոցի տնօրենները պատասխանատու չեն զգում իրենց դպրոց ընդունվող ուսուցիչների ու նրանց կատարած աշխատանքի համար):

2. Հիմնական դպրոցներում բացակայում է ավագ դպրոցի հոսքերում սովորելու կամ արդեն որոշակի միջին մասնագիտական կողմնորոշում ունեցող աշակերտների պատրաստման ուղղությամբ հատուկ աշխատանքը:

3. Ավագ դպրոց ընդունելությունը կազմակերպվում է հարցազրույցով, և արդյունքը լինում է այն, որ այնտեղ ընդունվում են ընդունելության եկած հիմնականում բոլոր աշակերտները, որոնք շատ թույլ են և չեն կարողանում սովորել իրենց իսկ ընտրած հոսքերում և, հենց դրանից էլ ելնելով՝ ավագ դպրոցի տնօրինությունն այդ ընդունվածների մեծ մասին ընդգրկում է 30—35 հոգանոց հումանիտար հոսքերով դասարաններ կամ ամենևին ավագ դպրոցի պարտականություն չհանդիսացող՝ ընդհանուր հոսքի կամ արհեստագործական հոսքով դասարաններ: (Հետևանքը լինում է այն ,որ ավագ դպրոցում ստեղծվում է չսովորելու մթնոլորտ և տապալվում է ուսուցման ու դաստիարակության բնականոն գործընթացը և, զարմանալի չէ, որ ավագ դպրոցում սովորողները ԲՈՒՀ-ի ընդունելության քննություններին նախապատրաստվում են դպրոցից դուրս՝ վճարովի ծառայությունների միջոցով): Բայց այդ դեպքում ինչի՞ համար են ավագ դպրոցները:

4. Ավագ դպրոցի 12-րդ դասարաններում շատ են աշակերտների բացակայությունները, իսկ հունվարից հետո գրեթե դադարում են ուսումնական գործընթացները, քանի-որ կամ սովորողները ընդունելության քննություններին նախապատրասվում են դրսում, կամ էլ նախապատրաստվում են «վերջին զանգին»: Այդ դեպքում, ինչի՞ համար են լրացուցիչ ծախսեր պահանջող 12-րդ դասարանները, մանավանդ, որ ֆինանսական միջոցները երբեք դպրոցին չեն հերիքել:

5. Մեր հանրապետությունում գնալով ավելի են նվազում միջին մասնագիտության որակյալ մասնագետները, և մի օր մեր տնտեսության շատ ճյուղերում աշխատողները չեն հերիքելու:ՈՒ՞ր են մեր նախկին միջին մասնագիտական հաստատությունները, ինչպիսի՞ պայմաններ են ստեղծվել դրանցում, որպեսզի գրավեն նախկին 9-րդ դասարանցիներին (անվճար ուսուցում, սնունդ, աշխատանք, լավագույններին կրթաթոշակ):Ինչպիսի՞ իրազեկման աշխատանք է տարվում ԶԼՄ–երի միջոցով այդ հաստատությունների վերաբերյալ։

6.Ազգային ժողովի որոշմամբ Հայաստանում միջնակարգ կրթությունը պարտադիր է դառնում 2017 թվականից:

Իրականում մենք ի՞նչ ենք ուզում , ու՞մ ենք զարմացնում: Ավելի ճի՞շտ չի լինի պատրաստել որակյալ մասնագետներ տնտեսության համար, քան զանգվածաբար բաժանել միջնակարգ կրթության վկայականներ, և որակյալ կամ հաճախ անորակ բուհերը լցնել անպատրաստ, չսովորող, սովորելուց հեռու երիտասարդներով, որոնք փոխարենը սովորեն աշխատել, գործ սկսել, անիմաստ 4-5 տարի կորցնում են բուհերում և հետագայում ՝ կյանքում տեղ չգտնելով, արտագաղթում են Հայաստանից:

Ելնելով վերը նշված խնդիրներից առաջարկում ենք.

Երեխաների ունակությունների պարզումը, դրանց զարգացումը սկսում է տարրական դասարաններից; Տարիներ առաջ 2-րդից 4–րդ դասարաններում անցնում էին «Տրամաբանություն» առարկան՝ Ա. Հակոբյանի «Տրամաբանական խաղեր» դասագրքով: Գաղափարը լավն էր , իրականացումը՝ վատ, քանի-որ դասվարներից ոչ բոլորն էին գլուխ հանում առարկայից, և այդ պատճառով դադարեցվեց դրա դասավանդումը:

Մինչդեռ, հենց այդտեղից էլ պետք է սկսել: Վերականգնվում է «Տրամաբանություն» առարկայի դասավանդումը 3-5–րդ դասարաններում շաբաթական մեկական ժամ՝ պարտադիր ժամաքանակից , այն դպրոցներում, որտեղ կան զուգահեռ տարրական դասարաններ, հանձնարարելով պարապել մաթեմատիկայի փորձառու ուսուցչի:

ՈՒսուցման երեք տարիների ընթացքում ուսուցիչը որոշում է, թե որ երեխաները հետագայում կարող են լավ արդյունքներ ցուցաբերել բնագիտական և բնական առարկաների ուղղությամբ: 6-րդ դասարանից այդ երեխաներին ընդգրկում են մաթեմատիկայի խմբակում: Խմբակի երկու տարիների ընթացքում վերոնշյալ երեխաները շարունակում են խորացնել իրենց գիտելիքները և զարգացնել մաթեմատիկական մտածողությունը:

8-րդից մինչև 9-րդ դասարաններն այդ երեխաները ընդգրկվում են բնագիտական կամ ֆիզմաթ խորացված դասարաններում: 10-րդ դասարանից նրանք կարող են ընդունվել ավագ դպրոցի նշված հոսքերով դասարաններ և հեշտությամբ սովորել: Այն երեխաները, ովքեր 5-րդ դասարանից հետո չեն ընդգրկվել մաթեմատիկայի խմբակում, կարող են ընդգրկվել լեզուների կամ պատմության խմբակում, իսկ 8-րդ դասարանից՝ հումանիտար ուղղությամբ խորացված դասարաններում։ Պարզ է, որ նրանք ավագ դպրոցում կսովորեն համապատասխան հոսքով դասարաններում:

Եթե դպրոցը փոքր է, ապա երեխաների նախապատրաստումը համապատասխան առարկաների ուղղությամբ կատարվում է խմբակների միջոցով, դրանով իսկ մեծացնելով խմբակների դերը դպրոցում:

Նշենք, որ այդ ճանապարհով օժտված երեխաների հայտնաբերումը վաղ հասակից և հետագա զարգացումը, թույլ կտա դպրոցներին կազմավորելու իրենց օլիմպիական թիմերը տարբեր առարկաներից, հետևաբար նաև կշահի օլիմպիական շարժումը այդ դպրոցներում:

Մենք կարևորում ենք այս փոփոխությունները նաև այն առումով, որ հանրապետությունում սկսվում է իրագործվել Կրթության գերազանցության ազգային ծրագիրը, և բացվելիք հատուկ ավագ դպրոցները կարդարացնեն իրենց, եթե միջին դպրոցից եկած, այսպես ասած «հումքը» լինի որակյալ։ Եթե միջին դպրոցից եկած աշակերտական կազմը լինի անորակ, ապա ոչ մի տաղանդավոր, նվիրված ուսուցիչ չի կարող փրկել դրությունը: Դիմացինդ պետք է կարողանա՛ և ցանկանա՛ սովորել:

Հասկանալի է, որ կլինեն շատ երեխաներ, ովքեր կուզենային տիրապետել որևէ սիրած մասնագիտության արդեն 9-րդ դասարանից հետո և իզուր չէին կորցնի երեք տարի ավագ դպրոցում։ Այդ մասին առաջինը պետությունը պետք է մտածի և առաջինն այդպիսի կրթօջախները զարգացնի՝ տալով բոլոր հնարավորությունները ցանկացողներին (անվճար ուսուցում, կրթաթոշակ, գիշերօթիկային պայմաններ): Դրանից կշահեր և տնտեսությունը և ավագ դպրոցը, և բարձրագույն ուսումնական հաստատությունները, որտեղ կգնային սովորելուն սովոր, ավագ դպրոցն ավարտած, գիտելիքների տեր շրջանավարտներ:

Մյուս կողմից ավագ դպրոց պետք է ընդունվել քննություններով, դա կնպաստի այն բանին, որ ավագ դպրոց չմտնի 9-րդ դասարանն ավարտած յուրաքանչյուր երեխա, և դա կստիպի, որ հիմնական դպրոցում սովորող երեխաները մտածեն գիտելիքներ ստանալու մասին։ Մյուս կողմից՝ իշխանությունները կմտածեն դուրս մնացած երեխաներին միջին մասնագիտական ուսուցում տալու մասին, իսկ ծնողները կմտածեն, որ ավագ դպրոցը պարտադիր չէ: Ավելի լավ է իրենց երեխաները շուտ մտածեն մասնագիտության մասին և պատրաստ լինեն դրան տիրապետելու միջին մասնագիտական հաստատություններում: Դա իր հերթին կբերի նրան, որ հիմնական դպրոցում կտեսնեն, որ իրենց շատ շրջանավարտներ չեն կարողացել ընդունվել ավագ դպրոց, և կբարձրանա մանկավարժական կոլեկտիվի պատասխանատվությունը իրենց աշխատանքի նկատմամբ:
Ընդհանրապես, հիմնական դպրոցի առաջնահերթ չափորոշիչ պետք է լինի՝ թե քանի շրջանավարտ ընդունվեցին ավագ դպրոց կամ միջին մասնագիտական հաստատություն:
Ստորագրելով Բոլոնյան պայմանագիրը՝ մենք անցանք 12-ամյա միջնակարգ կրթության և, դա այն բանից հետո, որ շատ ժամանակ չէր անցել, երբ 10-ամյա կրթությունից անցել էինք 11-ամյա կրթության: Այժմ, գնալով ավելի ենք համոզվում, որ 12-րդ դասարանը մի տեսակ արհեստականորեն կցված, ոչինչ չտվող, ավելորդ ուսումնական տարի է: Ուսման 11 տարին լիովին բավարար է ուսումնական ծրագիրը կատարելու համար (ի վերջո, դա մեզ համար նորություն չէ): Որպեսզի Բոլոնյան պայմանագիրը չհամարվի մեր կողմից խախտված՝ առաջին դասարան ենք կոչում մանկապարտեզի ավագ խումբը, իսկ դպրոցը սկսվում է 2-րդ դասարանից և միջնակարգ ուսուցումը դպրոցում իրականում տևում է 11 տարի: Եթե համայնքում չկա մանկապարտեզ, ապա առաջին դասարանը կազմավորվում է դպրոցում: Ուսման 10-րդ տարվա վերջում աշակերտները քննություններով փակում են ոչ հոսքային առարկաները, իսկ վերջին 11-րդ տարում, սկսած սեպտեմբերից՝ նախապատրաստվում են բուհ ընդունելության ՝ խորացնելով և կրկնելով միայն հոսքային առարկաները, որոնցից յուրաքանչյուրի համար օրական տրվում է 2 ժամ: Տարվա վերջում նրանք հանձնում են միայն միասնական քննություններ: Այս փոփոխությունները հնարավորություն են տալիս, որ ԲՈՒՀ-ի համար նախապատրաստական աշխատանքները կատարվեն միայն դպրոցում, քանի որ աշակերտներին տրվում է լիարժեք ժամանակ և հնարավորություն, որպեսզի ամբողջությամբ նվիրվեն այդ գործին, իսկ այն շրջանավարտները որոնք ԲՈՒՀ չեն գնում՝ մեկ տարով շուտ ավարտեն դպրոցը:

Եթե միջնակարգ դպրոցում (ոչ ավագ) շրջանավարտներից բուհ գնացողներ չեն լինում, կամ դպրոցում չկան հոսքային դասարաններում հավաստագրով պարապելու իրավունք ունեցող ուսուցիչներ, ապա այդ դպրոցում 12-րդ դասարան չի կազմավորվում և այդ դպրոցի շրջանավարտները իրենց ուսման 10-րդ տարվա վերջում ստանում են միջնակարգ կրթության ավարտական, որը ԲՈՒՀ ընդունման համար ուժ չի ունենում: Սա կստիպի, որ դպրոցների տնօրենները շահագրգռված լինեն իրենց դպրոց հրավիրել բարձր որակավորում ունեցող ուսուցիչներ, ընդ որում այդ ուսուցիչները դպրոց են ընդունվում առանց մրցույթի մասնակցելու:

Ավագ դպրոցներում չեն թույլատրվում բացել ընդհանուր կամ արհեստագործական հոսքեր, քանի-որ ավագ դպրոցում սովորողները խորացնում են (աշակերտների կողմից գիտահետազոտական, փորձարարական աշխատանքներ, ավելի ծավալուն գիտելիքներ) և կրկնում (ամրացնում) են իրենց գիտելիքները:

Ավագ դպրոցներին կից պետք է ստեղծել գիշերօթիկային պայմաններ. գյուղում սովորող երեխաները մեղավոր չեն, որ իրենք պայմաններ չունեն ուսումը շարունակելու ավագ դպրոցում:

Սևադա Խոջաբաղյան

Մաթեմատիկայի հետազոտող ուսուցիչ, Սյունիք

Հետևեք մեզ նաև Telegram-ում