Բժիշկ Ստեփան Սարգսյան. «2002-ին ես հասկացա, որ Քարվաճառում մանկաբույժի կարիք կա»

Բժիշկ Ստեփան Սարգսյանին Քարվաճառում բոլորն են ճանաչում: Արդեն տասը տարի է` նա բնակվում է Քարվաճառում, եւ չնայած մասնագիտությամբ մանկաբույժ է, օգնություն է ցուցաբերում ամենատարբեր հիվանդներին. տարիներ են եղել, որ նա քաղաքի միակ բժիշկն է եղել, ստիպված է եղել օգնություն ցուցաբերել բոլոր հիվանդներին:
«2002 թ. ես Չարենցավանի հիվանդանոցի տնօրենն էի: Դեռ պատերազմական ժամանակներից հիվանդանոցը հոսպիտալատիպ մի կառույց էր, եւ դեռ այդ ժամանակ զինվորների միջոցով Քարվաճառի հետ կապ կար: Մեր զինվորական տղաները, մոտ 10-15 հոգի, Օմարում սառել էին, էլի մեր մոտ էին բերել», Քարվաճառ տեղափոխվելու որոշման նախապատմությունն է սկսում բժիշկ Ստեփանը:
«2001-ին Հայասերի (Քարվաճառի ներկայիս քաղաքապետը, նախկին ոստիկանապետը) երեխան Չարենցավանում ծնվեց, ու այդ ժամանակվանից իր հետ մտերմացանք: Ինքը, Առուստամյան Դավիթը շատ էին խոսում տարածքի մասին, բացատրում դրա նշանակությունը, եւ ես հասկացա, որ այս տարածքում մանկաբույժի կարիք շատ կա: Այդպես տեղափոխվեցի ու սկսեցի աշխատել, 10 տարի է, աշխատում եմ, մի այդքան էլ դեռ տրամադրված եմ աշխատել»:
Առաջին տարիներին ինչպես բոլորի, այնպես էլ բժշկի ընտանիքի համար դժվար է եղել: Մշտական լույս չկար, ջուր չկար: «Համակարգիչ էի հետս բերել, հեռուստացույց, վիդեո, դրանով էինք զբաղվում երեկոյան այն երկու ժամը, երբ որ գեներատորն աշխատացնում էին: Հետո, փառք Աստծո, լույսը մշտական դարձավ, արբանյակային անտենաներ դրվեցին, մշտական ջուր էլ ունենք», պատմում է բժիշկը:
Հիվանդանոցի շենքն արդեն կար: «Երբ ես եկա, հիվանդանոցն այս նույն շենքում էր, դեռ ավելի բարվոք վիճակում էր, քանի որ նորակառույց էր, դեռ խոնավություն չկա: Կառուցումից հետո մի անգամ էլ է վերանորոգվել: Էդ ժամանակ աշխատում էր մի գլխավոր բժիշկ, Գրիգորյան Վանիկն էր, եւ ես որպես մանկաբույժ: Օրեր են եղել, որ մոմի լույսի տակ կամ լամպի լույսի տակ ծնունդ ենք ընդունել, հիվանդ ենք վիրահատել», հիշում է բժիշկն ու հավելում, որ քանզի տարբեր նեղ մասնագիտության բժիշկներ չկային, ստիպված են եղել բուժել տարբեր հիվանդների: «Իմ գործունեության ընթացքում ժամանակ է եղել, որ ես լրիվ մենակ եմ աշխատել: Դա 2007 հոկտեմբերից մինչեւ 2009 թվականն էր, մոտ երկու տարի: Հիվանդանոցի անձնակազմը ժամանակ առ ժամանակ փոխվել է: «Մեր մոտ մի շատ հետաքրքիր, շատ մեծ մարդ ու բժիշկ էր աշխատում, Արարատ Գյուլբանգյանը: Նա պատերազմի ժամանակ Գյումրու գլխավոր վիրաբույժն է եղել: Մեր մոտ գալուց առաջ աշխատել էր Շուշիում: Ես իրենից շատ բան եմ սովորել: Նա գիտությունների թեկնածու էր, աֆղանական պատերազմին էր մասնակցել որպես բժիշկ: Պարզապես նա արդեն հիվանդ էր, ձեռքերը դողում էին, եւ երկար չկարողացավ աշխատել: Այդ ժամանակ աշխատում էինք միայն ֆարենդասկոպով եւ տոնոմետրով: Բժշկական այլ գործիքներ, սարքավորումներ չունեինք»:
Իր տնօրեն եղած տարիներին հիվանդանոցում լաբորատորիա է ստեղծվել, ատամնաբուժարան է բացվել:
Ըստ բժշկի, այսօր հիվանդանոցում ոչ միայն սարքավորումների, այլեւ մասնագետների պակաս կա: Այսօր հիվանանոցում աշխատում են մի գինեկոլոգ, մի վիրաբույժ, մի ատամնաբույժ ու մանկաբույժը` Ստեփան Սարգսյանը:
Մանուկների հետ երկար տարիներ աշխատած բժիշկը հետաքրքիր պատմություններ է հիշում : «Մի օր ինձ կանչում են հիվանդանոց, թե երկու երեխա սառել են, կպել են իրար, չենք կարողանում պոկել: Փառք Աստծո, երեխաներին որեւէ բան չեղավ, դեպքը բարեհաջող ավարտ ունեցավ: Մի անգամ էլ մի երկու տարեկան երեխա էր կորել, երկու օր չկար: Երկու օրից երեխային գտան, սառած բերեցին հիվանդանոց, շունն էր գտել' ժայռի ծայրին քնած», հիշում է բժիշկ Սարգսյանը:
Պատասխանելով Քարվաճառում ամենատարածված հիվանդությունների մասին հարցին` Ս. Սարգսյանը նշեց, որ հատկապես տարածված է ատամների խնդիրը: «Դա թերեւս ջրի բաղադրության է հետ կապված, երեւի թե ֆտորի պակասից է: Տարածված են նաեւ մրսածության հիվանդությունները: Իմիջայլոց ասեմ, որ էստեղ ավելի քիչ են հիվանդանում, քան թե մի ուրիշ տեղ: Տասը տարի է` աշխատում եմ, դեռ որեւեէ ինֆեկցիոն բռնկում չեմ տեսել»:
Բժիշկը լավատես է տարածքի զարգացման հարցում ու շատ է սիրում Քարվաճառը: Այս հողի հանդեպ նրա մեծ սիրո լավագույն արտահայտումն իր բարեկարգ ու խնամված այգին է. չնայած այժմ ուշ աշուն է եւ այգում ոչինչ չկա, մարգերն իսկ հուշում են, որ այգին խնամող ձեռքերում է:
Բժիշկ Ստեփանին այցելող հիվանդը ոչ միայն բժշկական բուժում կստանա, այլեւ մեծ հույս ու լավատեսություն` Քարվաճառում ապրելու ու արարելու համար:
Թամարա Գրիգորյան