Մարտի 1-ի հարցով ԱԺ հանձնաժողովը կստեղծվի նախագահական ընտրություններից հետո
Նմանատիպ
ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամների հեղինակած Մարտի 1-ի հարցով խորհրդարանական ժամանակավոր նոր հանձնաժողով ստեղծելու նախագծի քվեարկությունը ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը որոշեց հետաձգել՝ պայմանով, որ հանձնաժողովի ձևավորման հարցը ԱԺ մեծամասնությունը պատրաստ է ընդունել միայն նախագահական ընտրություններից հետո:
Tert.am-ի փոխանցմամբ՝ մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը մեծամասնության անունից զգուշացրեց, որ եթե հարցը դրվի քվեարկության այսօր, ապա ԱԺ կոալիցիոն երկու խմբակցության անդամները կմերժեն այն:
Պատգամավորն առաջարկեց հարցը չքաղաքականացնելու նպատակով մեկ տարվա ընթացքում’ ընտրություններից հետո ցանկացած ժամանակ, հարցը կրկին դնել քննարկման, և այդ դեպքում իրենք պատրաստ են ընդունել:
Դավիթ Հարությունյանը նաև առաջարկեց նախագծում փոխել երեք հիմնավորումներ, քանի որ այնտեղ, ըստ նրա, քաղաքական հարցադրում կա։
«Եթե հարցը դնենք նախագահական ընտրություններից հետո, և երեք առաջարկությունը փոփոխվի’ մենք կողմ ենք քվեարկելու։ Հիմա, առաջարկում ենք հետաձգել մինչև մեկ տարի ժամկետով և խնդրին անդրադառնանք ընտրություններից հետո»,- ասաց նա:
Նախագծի համահեղինակ Գագիկ Ջհանգիրյանը ստիպված էր ընդունելու մեծամասնության առաջարկը, քանի որ, ըստ նրա, միևնույնն է այն հիմա մերժվելու է:
«Եթե չհամաձայնեմ՝ մեծամասնությունը քվեարկությամբ պետք է մերժի, այդ պատճառով մենք չենք ուզում կորցնել այս հանձնաժողովն ստեղծելու շանսը իմ պատճառով»,– ասաց նա՝ ավելացնելով, որ ստիպված են մինչև մեկ տարի հետաձգել այն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում