Աբխազիան մտադիր չէ հանրաքվե անցկացնել Ռուսաստանին միանալու շուրջ

Աբխազիան մտադիր չէ հանրաքվե անցկացնել Ռուսաստանին միանալու շուրջ

Աբխազիայի վարչապետ Արթուր Միկվաբիան, մեկնաբանելով ՌԴ-ի հետ միավորվելու շուրջ Հարավային Օսիայում ծրագրված հանրաքվեն, հայտարարել է, թե Սուխումը չի հետեւի այդ օրինակին, որովհետեւ «Աբխազիայի պատմությունն այլ է», տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ Հարավային Օսիայի մտնելու հարցի շուրջ հանրաքվեն նախատեսված է 2017 թվականին, ինչի մասին ավելի վաղ համապատասխան հայտարարություն են ստորագրել Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Թիբիլովը եւ խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբիլովը:

«Ցխինվալի դրդապատճառները հասկանալի են: Օսերը բաժանված ժողովուրդ են, մի մասն այժմ ապրում է Ռուսաստանում, մյուս մասը՝ Հարավային Օսիայում: Ուստի վերամիավորվելու ցանկություն կա: Մեր իրադրությունն այլ է: Մենք ցանկանում ենք լինել անկախ պետություն եւ միեւնույն ժամանակ մեծ Ռուսաստանի հուսալի ու հավատարիմ դաշնակիցը: Մենք վաստակել ենք մեր անկախությունը՝ դրա համար տալով մեր լավագույն որդիների ու դուստրերի հազարավոր կյանքեր»,- ասել է Աբխազիայի վարչապետը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում