Խիդաշելին Պենտագոնում քննարկել է Վրաստանի պաշտպանունակության ամրապնդումը

Խիդաշելին Պենտագոնում քննարկել է Վրաստանի պաշտպանունակության ամրապնդումը

Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի եւ ԱՄՆ-ի պաշտպանության դեպարտամենտի քարտուղարի տեղակալ Մայքլ Քարփենթերի միջեւ կայացած հանդիպմանը քննարկվել են համատեղ զորավարժությունների, պաշտպանունակության բարձրացման եւ տարածաշրջանային անվտանգության հարցերը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Բնականաբար, երբ ժամանում ես աշխատանքային այցով, գլխավոր խնդիրն այն փաստաթղթերի մանրամասն քննարկումն է, որոնք վերաբերում են երկու երկրների համագործակցությանը եւ հարաբերություններին: Մեզ հարկավոր է ռազմավարական գործընկերության շրջանակներում ակտիվացնել բազմաթիվ ուղղություններ: Ուստի, բնականաբար, նման հանդիպումները կարեւոր են Վարշավայի գագաթնաժողովի նախաշեմին»,- Խիդաշելիի խոսքը մեջբերում է Վրաստանի պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը:

Հանդիպմանը նաեւ ներկա է եղել ԱՄՆ-ի պաշտպանության դեպարտամենտի քարտուղարի՝ Եվրոպայի եւ ՆԱՏՕ-ի քաղաքականության հարցերով տեղակալ Ջեյմս Թաունսենդը:

Պաշտպանության նախարարի խոսքով՝ Վրաստանի եւ ԱՄՆ-ի իշխանություններն ակտիվորեն աշխատում են, որպեսզի երկկողմ ռազմավարական գործընկերությունը լինի հետաքրքիր ու «մշտապես նորոգվող»: Բացի այդ, Խիդաշելին չի բացառել, որ մոտ ապագայում բազմաթիվ նորույթներ կլինեն վրաց-ամերիկյան հարաբերությունների ոլորտում:

Վրաստանի պաշտպանությոան նախարարն ԱՄՆ-ում է գտնվում Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի երկրներ շրջագայության շրջանակներում, որը նա սկսել է հունիսի 1-ին Վարշավայի գագաթնաժողովին պատրաստվելու շրջանակներում:

Նա արդեն հանդիպում է անցկացրել ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդի հետ, ինչպես նաեւ ելույթ է ունեցել ԱՄՆ-ի Ատլանտյան խորհրդի առջեւ:

Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի երկրներ շրջագայությունը Թինաթին Խիդաշելին կավարտի Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների եւ գործընկերների պաշտպանության նախարարների մակարդակով հանդիպմանն իր մասնակցությամբ, որը տեղի կունենա հունիսի 14-15-ին, հաղորդել է Sputnik-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում