Մանկավարժ, խնայիր երեխաներին

Մանկավարժ, խնայիր երեխաներին

Կան մի շարք երկրներ, որտեղ մանկավարժների նկատմամբ ձևավորված է բացառիկ վերաբերմունք, բացառիկ հարգանք: Այդ դերը մանկավարժներին տրվել է ավելի շատ ոչ թե օրենսդրությամբ կամ պետական հրամանագրերով ու ակտերով, այլ ձևավորվել է դարերի ընթացքում, դարձել ավանդույթ, մշակույթ, ու առաջին հերթին մանկավարժներն իրենք են նվաճել այդ բացառիկությունը: Արևելյան երկրներում, հատկապես Ճապոնիայում, Չինաստանում, երբ որևէ մեկին դիմում են ուսուցիչ կոչումով, դա տվյալ անձի նկատմամբ դրսևորված բացառիկ վերաբերմունքն է, որը նրան ուղեկցում է ողջ կյանքի ընթացքում: Նույն վերաբերմունքը կար նաև Արևմուտքում դեռևս անտիկ ժամանակներում: Ալեքսանդր Մակեդոնացին Արիստոտելի մասին ասում էր, որ նրան պատվում եմ հորս նման, որովհետև հորս պարտական եմ իմ կյանքի համար, իսկ Արիստոտելին` այն, ինչը կյանքին արժեք է տալիս:

Եվ դա պատահական չէ, քանի որ մանկավարժը առաջին հերթին ոչ թե այն անձն է, ով երեխային դասավանդում է այս կամ այն առարկան, այլ նա, ով այդ երեխային դաստիարակում է որպես մարդ, դառնում է երեխայի ավագ ընկերն ու ուղղորդողը, հենարանն ու պատվարը: Մանկավարժը երեխայի համար այն պատուհանն է, որի միջոցով նա նայում է աշխարհին ու որի աչքերով պատկերացնում ու կարծիք է կազմում այդ աշխարհի մասին: Աստված մի արասցե, եթե այդ պատուհանը խաթարված լինի, ապա հնարավոր է նաև անդառնալի խաթարվի նաև երեխայի սկզբնական պատկերացումը շրջապատի ու երևույթների նկատմամբ: Որքան էլ տարօրինակ թվա, մենք հաճախ առարկան սիրում կամ չենք սիրում, սիրելով կամ չսիրելով տվյալ առարկան դասավանդողին: Եթե մենք փորփրենք մեր ներաշխարհը, ապա համոզված եղեք, որ այնտեղ շատ տեղերում կգտնենք մեր ուսուցիչների մատնահետքերը:

Երբ մանկավարժը գրեթե մանկահասակ երեխաներին տանում է հոգեհանգստի ու կանգնեցնում դագաղի առջև, ապա այդ քայլը հակամանկավարժական է, ու բնավ կապ չունի լավ մասնագետ է, թե` ոչ: Եթե անգամ այդ մասին խնդրել են ծնողները, (որին ես այդքան էլ չեմ հավատում, քանի որ երբ որևէ տանը մարդ է մահանում, առաջին հերթին երեխաներին ուղարկում են հարազատների մոտ, հեռու պահելով այդ արարողակարգից), մանկավարժն առաջինն ինքը պետք է ըմբոստանար այդ խնդրանքի դեմ: Ըմբոստանար ու արգելեր, դա իր իրավունքն է ու պարտականությունը:

Ոչ մեկս չի կարող երաշխավորել, թե այդ պահին ինչպիսի հոգեկան ապրումներ են ունեցել երեխաները` կանգնելով դագաղի առջև: Հաճախ նույնիսկ մեծահասակներն են ակամա վախ ունենում մահացածներից, բայց մեծահասակները կարողանում են կարգավորել իրենց հույզերը, որից երեխաները զրկված են: Այստեղ է, որ երեխաներին պետք է օգնության ձեռք մեկնի մանկավարժը, փորձելով նրանց հեռու պահել ցանկացած հոգեկան սթրեսից, հասկանալ ու ուղղորդել նրանց հույզերը, նրանց հեռու պահել այնպիսի ապրումներից, որը դժբախտաբար վաղ, թե ուշ ունենալու են: Բայց այլ է այդ ապրումներն ունենալ հասուն, այլ`մանուկ տարիքում:

Այն, որ հանգուցյալը վաստակաշատ մարդ է եղել կյանքի ընթացքում ու արժանացել մեծապատիվ հարգանքների, դա նույնպես ոչինչ չի փոխում երեխաների համար: Գրածս բնավ քննադատություն չէ, այլ մտահոգություն, ինչպես նաև վախ ու ահազանգ, քանի որ վաղը ես նույնպես պետք է իմ երեխային հանձնեմ մանկավարժի խնամքին, դաստիարակությանն ու հոգատարությանը: Շատ կցանկանայի համոզված լինել, որ իմ երեխան ունի հուսալի ընկեր, կողքին ունի մարդ, որի վրա կարող է հենվել անհրաժեշտ պահին: Շատ կցանկանայի, որ իմ սխալներն ու ոչ մասնագիտական մոտեցումը երեխայի դաստիարակոթյան հարցում լրացներ մանկավարժը: Որպես ծնող` ես իրավունք ունեմ իմ երեխայի նկատմամբ ցուցաբերել էմոցիոնալ ու սուբյեկտիվ մոտեցում, այդ իսկ պատճառով ես սոսկ հայր եմ, բայց ոչ մանկավարժ: Ես իմ երեխային հանձնում եմ մանկավարժին` հուսալով նրանից ստանալ առողջ ներաշխարհով, առողջ պատկերացումներով ու գիտելիքներով լի պատանու կամ աղջնակի:

Ասելիքս կցանկանայի ավարտել այլաբանորեն ու մաղթեի, որ բոլորս ուսումն ավարտեինք այն խոսքերով, որով սկսվում է Բհագավատ-Գիտա դյուցազնավեպը. «Ես ծնվել էի ամենախավար տգիտության մեջ, և իմ հոգևոր վարպետը գիտության ջահով բացեց իմ աչքերը: Ես իմ հարգալից հնազանդություններն են նվիրաբերում նրան»:

Արմեն ՄԱՐՏՈՒՆԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում