ԵՄ-ն պատրաստ է աջակցել ԼՂ խնդրով հաշտեցման որևէ համաձայնագրի իրականացմանը. Սվիտալսկի

ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը լուռ դիվանագիտություն է պահանջում:

Այս մասին «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց  ՀՀ-ում   Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից լուրջ ջանքեր են գործադրվում, և կարծում եմ, որ այս դիվանագիտության ժամանակն է այսօր, ոչ թե  հրապարակային:  Եկեք թողնենք, որ դիվանագիտությունն աշխատի: ԵՄ-ն ամբողջովին աջակցում է ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահների ջանքերին, ինչի մասին է վկայում վաղը ԵՄ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի այցը Երևանը,  նա  հանդիպումներ կունենա նախագահի ու արտգործնախարարի հետ: Այո, ԵՄ-ն ցանկանում է աջակցել միջնորդների ջանքերին, որոնք  նուրբ փուլում են, ուստի ճիշտ և շրջահայց չէր լինի այս ջանքերի մասին խոսելը: Կրկնում եմ ՝ կարգավորման գործընթացը լուռ դիվանագիտություն և գաղտնի մոտեցումներ է պահանջում: Մի բան սակայն հստակ է՝ Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է կատարվեն, քանի որ այսօր դրանք են կարգավորման հարցում  փոփոխությունների տանող ուղին»,- ընդգծեց դեսպանը:

ԵՄ դեսպանի խոսքով, հակամարտությունների լուծման հարցում  համալիր մոտեցումը կարևոր տեղ է զբաղեցնում Եվրամիության  նոր ռազմավարության մեջ. «ԵՄ-ն ցանկանում է մեծ ներդրում ունենալ հակամարտությունների կարգավորման և ճգնաժամերի հաղթահարման տիրույթում, ինչը ենթադրում է կանխարգելիչ գործողություններ: Ավելին, ԵՄ-ն պատրաստ է մասնակցություն ունենալ խաղաղության կամ հաշտեցման որևէ համաձայնագրի իրականացմանը, որը կարող է բխել  առաջիկա բանակցություններից»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էր հայտարարել, որ ԼՂ հակամարտության կարգավորման թեման պահանջում է լռություն:

«Կարևոր է` ձեռքբերված դրականը չփոշիացվի հանրային հռետորաբանությունում, այն պետք է պահպանել՝ կիրառելու կոնկրետ քայլերի ժամանակ: Կան թեմաներ, որոնք պահանջում են լռություն, որովհետև այդտեղ պետք է աշխատեն դիվանագետներն ու փորձագետները»,-ասել է նա:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում