Ոստիկանությունը կոչ է անում նախագահի թեկնածուներին օգտվել իրենց անվտանգությունն ապահովելու հնարավորությունից

ՀՀ ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.

«ՀՀ ոստիկանությունն իր խորին ափսոսանքն է հայտնում ՀՀ Նախագահի թեկնածու Պ. Հայրիկյանի նկատմամբ կատարված զինված ոտնձգության կապակցությամբ և հավաստիացնում է, որ իր լիազորությունների շրջանակներում ձեռնարկելու է բոլոր անհրաժեշտ միջոցները’ ապօրինությունները կանխելու և բացահայտելու համար:

ՀՀ ոստիկանությունը, կարևորելով ընտրական գործընթացների բնականոն ընթացքի ապահովումը, դեռևս սույն թվականի հունվարի 17-ի իր հայտարարության մեջ պատրաստակամություն էր հայտնել երաշխավորելու ՀՀ Նախագահի թեկնածուների անվտանգությունը, մասնավորապես՝ ըստ իրենց դիմումի նրանց տրամադրելով ուղեկցող ծառայողներ:

ՀՀ ոստիկանությունը ևս մեկ անգամ հայտնում է իր պատրաստակամությունը՝ իր լիազորությունների շրջանակներում երաշխավորելու ՀՀ Նախագահի բոլոր թեկնածուների անվտանգությունը և կոչ է անում նրանց օգտվելու այդ հնարավորությունից»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում