Կրեմլում Թրամփի հետ համաձայնել են «վերաբեռնման» հարցում

Մոսկվային, ինչպես եւ Միացյալ Նահանգների նոր նախագահ Դոնալդ Թրամփին, դուր չի գալիս Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների նկատմամբ «վերաբեռնում» տերմինի կիրառումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 23-ին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը:

«Ինչ վերաբերում է հարաբերությունների «վերաբեռնում» բառին, հավանաբար, իսկապես այստեղ կարելի է համաձայնել ԱՄՆ-ի ընտրված նախագահի հետ»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի ղեկավարի հարցազրույցը, որում նա ասել է, թե հակված չէ գործածության մեջ դնել այդ տերմինը:

«Բառն իսկապես իրեն վարկաբեկել Է, որովհետեւ այդ «վերաբեռնման» հետեւանքները բնավ այն չեն, ինչ մենք կցանկանայինք տեսնել»,- պարզաբանել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը The New York Times-ի լրագրողների հետ կայացած հանդիպմանը հայտարարել է, որ տրամադրված է բարելավել հարաբերությունները Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ, բայց չի ցանկանում «վերաբեռնում» տերմինն օգտագործել այդ ուղեգծի համար: «Ես չեմ օգտագործի այդ տերմինն այն բանից հետո, ինչ տեղի ունեցավ»,- ասել է Թրամփը:

Նախընտրական արշավի ընթացքում հանրապետականը քանիցս հայտարարել է, որ ԱՄՆ-ի բարձրագույն պետական պաշտոնի համար պայքարում իր մրցակցուհու՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կողմից ռուս-ամերիկյան հարաբերությունները «վերաբեռնելու» փորձը կրախի է մատնվել: Ինչպես նշել է Թրամփը Քլինթոնի եւ Բարաք Օբամայի վարչակազմի թույլ տված սխալների պատճառով ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ կապերը միայն վատացան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում