Արմավիրի մարզպետ. «Րաֆֆի Հովհաննիսյանն ի՞նչ իրավունքով է պահանջում իմ հրաժարականը»

Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Արմավիրի մարզ, որտեղ հայտարարել է, որ ինքը պահանջում է Արմավիրի մարզպետի հրաժարականը: 168.am-ը հետաքրքրվել է Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանից, թե ինչպե՞ս է վերաբերվում Ր. Հովհաննիսյանի հայտարարությանը, և արդյո՞ք հնարավոր է, որ հրաժարական տա:

«Ես այսպիսի անհեթեթություններին պատասխան չունեմ տալու, որովհետև ես իմ աշխատանքից գոհ եմ: Ինչի՞ պիտի հրաժարական տամ, օրինակ, դուք իմ փոխարեն’ անունն ի՞նչ դնեմ հրաժարականի, ինչի՞ համար պիտի հրաժարական տամ,- ասաց Ա. Ղահրամանյանը’ հավելելով,- Րաֆֆի Հովհաննիսյանն ի՞նչ իրավունքով է պահանջում իմ հրաժարականը’ սկսենք այդտեղից»:

Մեր դիտարկմանը, թե, օրինակ, Շիրակի ՀՀԿ-ական մարզպետը հրաժարական տվեց, քանի որ նախագահական ընտրություններում ՀՀԿ թեկնածուն քիչ ձայներ էր ստացել, և ընտրությունների արդյունքներով պայմանավորված՝ հնարավո՞ր է, որ ինքը ևս ազատման դիմում գրի, Ա. Ղահրամանյանը պատասխանեց. «Արմավիրի մարզում էսպիսի արդար, դեմոկրատական ընտրություններում հանրապետության նախագահը 54,08% ձայն է հավաքել, դուք ի՞նչ եք ուզում: Դուք դա վա՞տ արդյունք եք համարում: Ես չեմ գտնում, որ դա վատ ցուցանիշ է»: Արմավիրի մարզպետի խոսքով’ ինքը գոհ է իր ղեկավարած մարզում ՀՀԿ թեկնածուի ստացած ձայներով:

Հարցին, թե աշխատանքնե՞ր է տարել այդ ցուցանիշը ստանալու ուղղությամբ և համարո՞ւմ է, որ այդտեղ կա նաև իր ներդրումը, Ա. Ղահրամանյանը պատասխանեց. «Դա մեր ժողովրդի տված քվեն է հանրապետության նախագահին’ 54,08%, այնպես որ, ես համարում եմ, որ դա նորմալ ցուցանիշ է»: Իսկ հարցին, թե ինչո՞ւ Էջմիածնում ՀՀԿ թեկնածուն պարտություն կրեց, և հաղթեց Րաֆֆի Հովհաննիսյանը, և սպասելի՞ էր այդ պատկերն իր համար, մարզպետը պատասխանեց.

«Ճիշտն ասած, դա մենք ուսումնասիրում ենք: Ես պատասխան եմ տալիս մարզի ցուցանիշի համար, որ մարզում շատ արդար, թափանցիկ ընտրություններ էին, և մի դիտորդ որևէ խախտում չի արձանագրել մեր մարզում: 10-ից ավելի դիտորդական խմբեր են եղել մեր մարզում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում