ԵԱՏՀ-ի խորհուրդը մի շարք կարեւոր որոշումներ է ընդունել եվրասիական ինտեգրացման զարգացման վերաբերյալ
Նմանատիպ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը դեկտեմբերի 21-ին Մոսկվայում մի շարք կարեւոր որոշումներ է ընդունել Եվրասիական տնտեսական միությունում առեւտրի, տնտեսության եւ ֆինանսական քաղաքականության, Էներգետիկայի եւ ենթակառուցվածքի, մրցակցության եւ հակամենաշնորհային կարգավորման, արդյունաբերության եւ ագրոարդյունաբերական համալիրի, տեխնիկական կարգավորման ոլորտների վերաբերյալ: Նիստին մասնակցել է Հայաստանի փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրացման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությունից, հանձնաժողովի խորհուրդը նպատակահարմար է համարել Սինգապուրի Հանրապետության հետ բանակցություններ սկսել ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիր կնքելու շուրջ: «Տարբեր երկրների հետ առեւտրի զարգացումը Եվրասիական տնտեսական միության գերակայությունն է»,- այդ կապակցությամբ նշել է Ղազախստանի առաջին փոխվարչապետ Ասքար Մանիլը:
Հանձնաժողովի խորհուրդը հաստատել է ԵԱՏՄ-ի շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների իրագործման տարեկան մոնիթորինգի եւ արդյունքների վերլուծության մասին դրույթը: Փաստաթուղթը միտված է Միությունում արդյունաբերական համագործակցության զարգացումը բնութագրող որակական ու քանակական ցուցանիշների որոշմանը:
Խորհրդի անդամները փոփոխություններ են մտցրել քաղաքացիական մարդատար ինքնաթիռների ժամանակավորապես ներմուծվող առանձին տեսակների վերաբերյալ Միության հանձնաժողովի եւ ԵԱՏՀ-ի խորհրդի որոշումներում:
Հաստատվել է Եվրասիական տնտեսական միության պետությունների լիազոր մարմինների կողմից մարդկանց կյանքի ու առողջության համար վտանգ ներկայացնող բժշկական արտադրանքի կիրառման կասեցման կամ արգելման միջոցառումների կարգը:
ԵԱՏՀ-ի խորհուրդը մի շարք փոփոխություններ է կատարել ԵԱՏՄ-ի մաքսային սահմանում եւ մաքսային տարածքում կարանտինային ֆիտոսանիտարական հսկողության ենթակա արտադրանքի ցանկում:
Ընդունված բոլոր որոշումները նպատակամղված են եվրասիական ինտեգրացման հետագա զարգացմանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում