Մանիլայում 15 հազար մարդ է անօթեւան մնացել հրդեհի պատճառով
Նմանատիպ
Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայի ետնախորշերի շրջանում լույս փետրվարի 8-ի գիշերը բռնկած ուժգին հրդեհը օթեւանից զրկել է մոտավորապես 15 հազար մարդու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:
Մանիլայի նավահանգստին հարող Parola թաղամասում գիշերվա ընթացքում ամբողջովին այրվել Է ավելի քան հազար բնակելի շինություն, ասված է հաղորդագրության մեջ: Հրշեջ պահպանության աշխատակիցների խոսքով՝ բռնկումը փետրվարի 7-ի երեկոյան տեղի է ունեցել տներից մեկում: Հրդեհի շրջանում բնակելի տները շատ մոտ են միմյանց, ինչի հետեւանքով հրդեհն արագորեն տարածվել է ամբողջ թաղամասում:
Բարեբախտաբար թեթեւ վնասվածքներ է ստացել միայն յոթ մարդ, հրդեհից այլեւս ոչ ոք չի տուժել, նշվում է հաղորդագրության մեջ: Թաղամասի բնակիչները հասցրել են դուրս նետվել այրվող տներից եւ գիշերվա մեծ մասն անցկացրել են փողոցում, իրենց այրվող թաղամասից ոչ հեռու:
Վաղ առավոտյան Մանիլայի սոցիալական ծառայության աշխատակիցները տուժածներին սկսել են տեղավորել ժամանակավոր ապաստաններում: Ներկայում դրանցում գտնվում են 3 հազարից ավելի ընտանիքներ: Ինչպես նշվում է, հրդեհն ամբողջությամբ հաջողվել է մարել միայն առավոտյան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում