Գաբրիել Ղազարյանը հանդիպել է լողի, աթլետիկայի և հանդբոլի ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ

Շարունակվում են սպորտի մասսայականացման և մարզաձևերի տարածման նպատակով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում ընթացող քննարկումները՝ ոչ հենակետային մարզաձևերի ֆեդերացիաների հետ: Փետրվարի 10-ին, նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը հանդիպել է Հայաստանի լողի, աթլետիկայի և հանդբոլի ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ,- հաղորդում է նախարարության պաշտոնական կայքը։

Նախարարի տեղակալը խոսել է լողի հայկական դաշնության կողմից կատարված աշխատանքների մասին, որոնք նպաստում են լող մարզաձևի զարգացմանը և մասսայականացմանը:

«Իջևան քաղաքում ֆեդերացիայի կողմից վերանորոգվել է Իջևանի №1 հանրակրթական դպրոցի լողավազանը՝ հնարավորության ստեղծելով ոչ միայն կազմակերպել լողի մարզումներ, այլ նաև լողավազանի հնարավորություններն օգտագործել դպրոցի ֆիզկուլտուրա առարկայի դասաժամերին: Սա լող մարզաձևի մասսայականացման մեկ օրինակ է, որը պետք է շարունակական լինի»,- ասել է Գ. Ղազարյանը: Ֆեդերացիայի նախագահ Հովսեփ Մեսրոպյանի խոսքերով՝ նախատեսվում է վերանորոգել նաև Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում գտնվող և վերանորոգման կարիք ունեցող մի քանի լողավազաններ նույնպես:

Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի ներկայացուցիչները մարզաձևի զարգացման համար անհրաժեշտ են համարել սերտ համագործակցությունը հանրակրթական դպրոցների հետ:

«Ցանկացած մարզաձևի զարգացման կարևոր նախապայմաններից մեկը մանկապատանեկան սպորտն է: Կարծում եմ՝ ամենատարածված մարզաձևից՝ վազքից բացի, մատչելի են նաև թեթև աթլետիկայի մյուս մարզաձևերը, մասնավորապես՝ հեռացատկ, որի համար ընդամենը անհրաժեշտ է ունենալ ցատկափոսեր, որոնք կարելի է կառուցել ամենաքիչ ֆինանսական միջոցներով»,- ասել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանը:

Քննարկման հաջորդ մասնակից՝ ՀՀ հանդբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները նույնպես ներկայացրել են մարզաձևի տարածմանը և մասսայականացմանը խոչընդոտող մի քանի խնդիրներ, ինչը մեր երկրում բնորոշ է գրեթե բոլոր խաղային մարզաձևերի համար։

Լսելով քննարկման մասնակիցներին՝ Գ. Ղազարյանն առաջարկել է երկշաբաթյա ժամկետում մշակել և նախարարությանը ներկայացնել առաջարկություններ՝ իրենց մարզաձևերի մասսայականացման ու տարածման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ: Նախարարի տեղակալը հորդորել է ծրագրերը կազմելիս հաշվի առնել հիմնականում մարզերի մարզական ներուժի օգտագործման հնարավորությունները և մարզաբազաների առկայությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում