Մայր Աթոռում տեղի ունեցավ վարդապետական թեզերի բանավոր պաշտպանություն

Մարտի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ վարդապետական թեզերի բանավոր պաշտպանություն: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից:

Մասնավոր վարդապետության աստիճանի համար թեզ էին ներկայացրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ Տ. Գաբրիել աբեղա Սարգսյանը («Տերունական աղոթքի հայ միջնադարյան մեկնությունները»), Տ. Տարոն աբեղա Ղուլիկյանը («Ախթալայի և Քոբայրի վանքերը (Պատմաեկեղեցական և դավանական պատկանելության քննություն)»), Տ. Շահե աբեղա Անանյանը («Իմաստություն և Աստվածաշունչ. Իմաստության կերպարն ըստ Առակաց Ա-Թ-ի»), Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը («Քրիստոնեական կրթության և արժեքների դերը երրորդ Հանրապետության տարիներին») և Տ. Զաքարիա աբեղա Բաղումյանը («Անապակ բաժակի խնդիրը Հայոց Եկեղեցում»):
Հանձնաժողովը, որի կազմում էին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Վանական խորհրդի նախագահ և Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն իբրև նախագահ, Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան, Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հո•ևոր տեսուչ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը և Մայր Աթոռի Կրթական հաստատությունների վերատեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, քննելով ներկայացված թեզերը, արտոնել էին բանավոր պաշտպանության:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ առաջիկային հոգեշնորհ Հայր Գաբրիելը, Հայր Տարոնը, Հայր Շահեն, Հայր Վարդանն ու Հայր Զաքարիան Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում տվչության հատուկ արարողությամբ կստանան մասնավոր վարդապետության աստիճան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում