Հայաստանի ներդրումային գրավչությունը ներկայացվում է Փարիզում, Լիոնում և Մարսելում
Նմանատիպ
Հայաստանի զարգացման հիմնադրամի և գործընկեր Business France-ի ջանքերով փետրվարի 21-28-ը Ֆրանսիայում կազմակերպվել է Հայաստանի տնտեսության ներդրումային միջավայրի քարոզարշավ, որի ընթացքում կներկայացվի երկրի տնտեսության և այստեղ բիզնես սկսելու առավելությունները։ Մեկշաբաթյա միջոցառմանը նախատեսված են հանդիպումներ ֆրանսիական երեք խոշոր քաղաքներում՝ Փարիզում, Լիոնում և Մարսելում, իսկ փետրվարի 23-ին մայրաքաղաքում կմեկնարկի ներդրումային համաժողով՝ գործարար նախագծերը հնարավոր ներդրողներին ներկայացնելու նպատակով։ Այս մասին տեղեկացրին Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից:
Հայկական ընկերությունները գյուղատնտեսության և սննդի, ՏՏ և ճարտարագիտության, թեթև արդյունաբերության, գինեգործության, ոսկերչության, դեղագործության, տրանսպորտի, էներգետիկայի ոլորտների իրենց գործարար ծրագրերը կներկայացնեն 25 ֆրանսիական ընկերությունների հետ հանդիպումներում։
Հիմնադրամը հաշվի է առնում, որ չնայած մեր երկրում ֆրանսիական ներդրումների առկայությանը, մի շարք ոլորտներում դրանց ծավալն ավելացնելու մեծ ներուժ կա։ Ֆրանսիացի գործարարներին ներկայացվում է նաև մեր երկրի միջոցով ԵԱՏՄ և Իրանի շուկաներ մուտքի առավելությունը։
«Աշխարհագրական դիրքից բացի, համեմատաբար հեշտ է Հայաստանում ներդրում կատարել նաև բարենպաստ առևտրային ռեժիմների շնորհիվ ու մի շարք պատճառներով․ պետությունն աջակցում է ներդրում կատարող ընկերություններին, տարբեր կառույցների միջոցով յուրաքանչյուր գործարարի կողքին է ներդրումային ցանկացած փուլում։ Մենք ունենք ապահով երկիր, որակյալ աշխատուժ, եվրոպական ու ամերիկյան ընկերությունները սա դիտարկում են որպես իրական արժեք»,-նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարէն Մկրտիչեանը։
Հայաստանի ներդրումային հնարավորությունների իրազեկման բարձրացմանն ուղղված միջոցառումներ նախատեսված են ամբողջ տարվա ընթացքում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում