Իսրայելի նախագահ. Հռոմի Պապն ի զորու է իր նպաստը բերել խառնված տարածաշրջանում խաղաղություն հաստատելու փորձերին

Հռոմի պապ ընտրվելու առիթով Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը շնորհավորել է Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս Խորխե Մարիո Բերգոլիոյին և, ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС լրատվական գործակալությունը, հրավիրել է այցելել Նորին Սրբությանը Սուրբ երկիր:

Պերեսն ընդգծել է, որ Պապը ցանկալի հյուր կլինի Սուրբ երկրում:

«Նա կարող է իր նպաստը բերել խառնված տարածաշրջանում խաղաղություն հաստատելու փորձերին»,- ասել է Պերեսը: Իսրայելի նախագահը նաև ընդգծել է, որ վերջին 2000 տարվա ընթացքում հրեա ժողովրդի և Վատիկանի հարաբերություններն ամենալավ վիճակում են գտնվում:

Պերեսն ընդգծել է, թե այս օրերին անհրաժեշտ է ոչ միայն քաղաքականի, այլեւ հոգեւորի առաջնորդությունը: «Հոգեւոր առաջնորդներն ի զորու են միավորել այնտեղ, որտեղ քաղաքական գործիչները կարող են պառակտում սերմանել», – ասել է իսրայելցի պաշտոնյան:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում