Խորհրդարանական ընտրություններ 2017. Տվեք Ռազմիկին լծակ ու հավանաբար մենք երանի կտանք Լյովային

Թիվ 7 ընտրատարածքը, որը ներառում է Արագածոտնի մարզը, թերևս, հավակնում է լինելու «ամենաանհետաքրքիր» ընտրատարածքներից մեկը: «Անհետաքրքիր» այն առումով, որ այս ընտրատարածքի թեկնածուների շարքում ընդգծված չկան քաղաքական դերակատարներ, չկան նույնիսկ էքսցենտրիկ դեմքեր, ովքեր իրենց յուրահատուկ կոլորիտով կարող էին հետաքրքրություն հաղորդել ընտրապայքարին:

Առաջադրված թեկնածուներից հանրության լայն շրջանակներին քիչ թե շատ հայտնի են միայն «Ծառուկյան» դաշինքով առաջադրված Աժ պատգամավոր Լյովա Խաչատրյանն ու «Մաքս» կոնցեռնի տնօրեն Խաչիկ Մանուկյանը, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքից՝ Մյասնիկ Մալխասյանը, ՀՀԿ-ից առաջադրված պատգամավորներ Արագած Ախոյանը, Բազմասեր Առաքելյանը և Մնացական Մնացականյանը, «ՕՐՕ» դաշինքից՝ Ռազմիկ Պետրոսյանը:

Վերոնշյալ թեկնածուների մեջ տարբերությունը, թերևս, միայն ֆինանսական ու վարչական ռեսուրսներին տիրապետելու հնարավորությունն է, քանի որ ինտելեկտուալ և քաղաքական դերակատարության առումով, կարծես, տիրում է միահավասարություն:

Բայց անյուամենայնիվ մեկ հոգու կարելի է առանձնացնել, ոչ թե այն պատճառով որ նա ընդգծված կարևորություն ունի մյուսների հանդեպ՝ մտավոր ունակությունների առավելության կամ քաղաքական ֆիգուր լինելու պատճառով, այլ սոսկ նրա համար, որ տվյալ անձի մոտեցումները բավականին տարբերվող են մյուսներից՝ բացասական առումով: Դա «ՕՐՕ» դաշինքի կողմից առաջադրված թեկնածու Ռազմիկ Պետրոսյանն է:

Կարդացեք նաև՝ Խորհրդարանական ընտրություններ 2017. Երկու մարզ, մեկ ընտրատարածք

Օրերս հարցազրույց տալով լրատվամիջոցներից մեկին՝ Ռազմիկ Պետրոսյանը բառացիորեն ասել էր հետևյալը. «եթե ես վստահ լինեի, որ ժամանակին Երանոսյան Լյովային ֆիզիկապես ոչնչացնելուց հետո այդ տեսակը կվերանար, այդպես էլ կվարվեինք։ Բայց քանի որ դրանք եզակի դեպքեր չեն, դրանք մետաստազներ ունեն, մենք չարիքի դեմ ենք պայքարում»:

Այն, որ Երանոսյան Լյովային դժվար է դրական կերպար համարելը, միանշանակ այդպես է: Անկախ նրա հայրենիքին մատուցած նախկին ծառայություններից, ներկա գործունեությունը չի խոսում իր օգտին, սակայն Ռազմիկ Պետրոսյանի հայտարարությունն ավելի վատ է, քան մեկի բացասական կերպարը:

Եթե նման մտածողությամբ մարդիկ, ինչպիսին է Ռազմիկ Պետրոսյանը, Աստված մի արասցե, հայտնվեն խորհրդարանում ու ունենան որոշումներ կայացնելու իրավունք, ապա որևէ դրական սպասելիքներ ակնկալելը անիմաստ կդառնա: Նման մտածելակերպով մարդիկ, ինքնին չարիք են հանդիսանալու ողջ հանրության համար ու այդ չարիքները մեծ մասամբ, ինչպես ցույց է տվել պատմությունը, իրագործվում են հենց հայրենասիրության ու ազգային իղձերի իրագործման դրոշի ներքո: Ըստ Ռազմիկի հայտարարության՝ ինքն է որոշելու՝ ով է չարիք, ով ոչ, ինքն է որոշելու՝ ով է եզակի դեպք, և ով՝ ունակ մետաստազներ տարածելու:

Բացի այդ նույն հարցազրույցում նա օգտագործել է մի վտանգավոր միտք ևս, որն այդ դեպքում վտանգ է ներկայացնում ոչ միայն Երանոսյան Լյովա անձի, այլ ողջ հանրության համար:

Կարդացեք նաև՝ Խորհրդարանական ընտրություններ 2017. Անառողջ մթնոլորտ թիվ 1 ընտրատարածքում

«Մենք կռված տղերքով սկզբունք ենք որդեգրել, որ հայի դեմ զենք չենք հանելու»: Այս միտքը, որն առաջին հայացքից պետք է ողջունելի լիներ, իրականում շատ վտանգավոր մոտեցում է: Այսինքն՝ մենք մեր անվտանգության ու ապրելու իրավունքի համար պետք է պարտական լինենք ոչ թե մեր պետականությանն ու օրենքներին, ոչ թե սահմանադրությանն ու միջազգային նորմերին, այլ՝ սոսկ ոմանց սուբյեկտիվ սկզբունքներին:

Ստացվում է, եթե ռազմիկանմանները նման սկզբունք որդեգրած չլինեին, ապա ներկայումս բոլորս պետք է թաղված լինեինք քաղաքացիական պատերազմի մեջ:

Իսկ առհասարակ, ի՞նչ է նշանակում «կռված տղա»: Իսկական կռված տղան նա է, ով ժամանակին կատարելով իր պարտքը իր հայրենիքի, իր հասարակության, իր ընտանիքի համար, ներկայումս ապրում է այնպես, ինչպես ապրում են բոլորը: Իր կռված լինելու հանգամանքը չի փորձում դարձնել առավելություն, որի շնորհիվ հնարավոր է ինչ-ինչ արտոնություններ ձեռք բերել:

Նման մտածողությամբ օժտված է հենց Ռազմիկ Պետրոսյանը, քանի որ նա Ապարանի քաղաքապետ դարձավ բացառապես իր կռված լինելու հանգամանքի շնորհիվ: Այսինքն՝ մարդը մտածում էր, որ եթե ինքը կռվել է ռազմի դաշտում, ապա պետք է դոմինանտ լինի նաև քաղաքացիական կյանքում: Նման կերպ մտածում է նաև Երանոսյան Լյովան, ու այս երկուսի տարբերությունը սոսկ նրանում է, որ Լյովան այս պահին ունի իշխանություն, Ռազմիկը ոչ: Տվեք Ռազմիկին լծակ ու հավանաբար մենք երանի կտանք Լյովային:

Ի դեպ, «կռված տղա» լինելը սինդրոմ է, որից չի կարողացել խուսափել ոչ մի պետություն: ԱՄՆ-ն երկար ժամանակ չէր կարողանում ազատվել «վիետնամական» սինդրոմից, ԽՍՀՄ-ը «աֆղանական» սինդրոմից, մենք էլ դեռևս երկար ժամանակ չենք կարողանալու ազատվել «ղարաբաղյան» սինդրոմից: Հակառակ դեպքում մեր կյանքում չէին լինի այնպիսի երևույթներ, ինչպիսին են «զորավար» Մանվելը, Շմայսը, Սեյրան Սարոյանը…և նրանց ոչնչով չզիջող Ռազմիկ Պետրոսյանը:

Փառք ու պատիվ մեր բոլոր կռված տղաներին, փառք ու պատիվ բոլոր նահատակներին ու ողջերին, սակայն մի բան ակնհայտ է, որ յուրաքանչյուր սերունդ ունենում է իր ակնկալիքները ու ցանկություններն այս կյանքում ու եթե ոմանք ցածր մտավոր ունակությունների պատճառով, իրենց ժամանակին կռված լինելու հանգամանքը, կփորձեն փաթաթել մյուս սերունդների վզին, կփորձեն այն դարձնել գերիշխող առավելություն քաղաքական ու քաղաքացիական կյանքում, ապա դրանով հավասարեցրած կլինեն իրենց նախկինում մատուցված ծառայությունները զրոյի:

Հայրենիքի իրական նվիրյալները հանգչում են «Եռաբլուրում»: Հայրենիքի իրական նվիրյալները նրանք են, ովքեր պատերազմից հետո վերադարձան ընտանիք, հասարակություն ու իրենց կռված լինելու հանգամանքը հարևանին երեսով չտվեցին: Հայրենիքի իրական նվիրյալներ նրանք են, ովքեր իրենց կյանքը վտանգելով ռազմի դաշտում, սակայն ունենալով մտավոր բարձր կարողություն, կրթվածություն ու դաստիարակություն, չվերածվեցին քաղաքացիական կյանքում այլոց կեղեքողների ու կամք թելադրողների:

Հայրենիքի իրական նվիրյալները նրանք են, ովքեր երբեք չեն արծարծում իրենց կռված լինելու հանգամանքը ու հարկ եղած դեպքում համեստորեն թույլ են տալիս, որ ուրիշներն իրենց գովեն, այլ ոչ իրենք սազն առած թռնեն մեյդան:

Եվ առավել անբարոյականությունն այն է, երբ ոմանք հայտարարում են, երբ ես կռվում էի, դու սեղանի տակ էիր ման գալիս: Նման հայտարարությունը ոչ միայն անբարոյականություն է, այլև մտավոր այն աստիճանի փոքրություն, որի կրողն առանց գիտակցելու հավասարվում է անասունին:

Ինչպես նորմալ ծնողը երբեք իր զավակին երեսով չի տա իր ողջ արածների համար, այնպես էլ ավագ սերունդը չի կարող կրտսերին մեղադրել՝ սոսկ իրենից ուշ ծնված լինելու համար:

Արմեն ՄԱՐՏՈՒՆԻ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում