Ամենաքիչը լուսաբանվում են ՀԿԿ-ն ու Ազատ դեմոկրատները
Նմանատիպ
Փետրվարի 14-ից մարտի 5-ը ընկած ժամանակահատվածում օրենսդրական կարգավորում բալանսավորված լուսաբանման առումով չկար։ «Մեր քաղաքացիները հենց այդ ժամանակահատվածում շատ կարևոր որոշում են կայացնում ու կողմնորոշվում` լուսաբանման արդյունքում»,-լրագրողների հետ հանդիպմանը ասաց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը` ներկայացնելով ՀՀ հեռարձակվող 5 ԶԼՄ-ներում ՀՀ ԱԺ ընտրությունների լուսաբանման միջանկյալ հաշվետվությունը. տեղեկացնում է A1+.am-ը:
Լուրջ խնդիր են տարածքային ցուցակները լուսաբանման առումով։ Ըստ Բորիս Նավասարդյանի` օրենսդրական կարգավորում չկա նաեւ հավասարաչափ լուսաբանման համար։
Նա խոսեց նաեւ էթիկայի խախտումների մասին.
«Երբ նույն խախտումը նույն հեռուստաալիքը կատարում է 3-րդ անգամ, այստեղ արդեն կա միտում։ Օրինակ` ինչպես եղավ Ծառուկյան դաշինքի կողմից Ազատ դեմոկրատներին ուղղված հակաքարոզչությունը։ Էթիկայի 31 խախտում ենք տեսել, որոնցից 21-ը՝ Ծառուկյան դաշինքի կողմից, որից 11-ը ուղղված հենց Ազատ դեմոկրատներին»:
Մինչեւ մարտի 5-ը շատ կուսակցություններ ուղղակի չեն լուսաբանվել, օրինակ` ՀԿԿ-ն. «Իհարկե, մարտի 5-ից բալանսը պահպանվում է։ Անգամ, եթե ընտրապայքարի մեջ ներգրավված ուժերը քարոզարշավ չունեն տվյալ օրը, ապա լրատվամիջոցը գնում, առանձին հարցազրույցներ էին ունենում, առանձին ռեպորտաժներ պատրաստում»:
Պարոն Նավասարդյանը նաեւ նշեց` վերջին երկու շաբաթվա ընթացքում ամենից շատ լուսաբանվել է Ծառուկյան դաշինքը եւ ՀՀԿ-ն, իսկ ամենից քիչ` ՀԿԿ-ն ու Ազատ դեմոկրատները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում