Ֆիյոնը հորդորել է հիշել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին. Le Figaro

Ֆրանսիայի նախագահական ընտրություններում «Հանրապետականներ» կուսակցությունից թեկնածու, երկրի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը Le Figaro թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորման կապակցությամբ կարեւոր է հիշել ժողովուրդների ինքնորոշման իրավունքը հարգելու անհրաժեշտության մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Նա նշել է, որ «անհրաժեշտ է պահպանել երկու հիմնարար եւ հակասող սկզբունքները՝ սահմանների եւ միջազգային իրավունքի, ինչպես նաեւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարգումը»: «Ոչ ոք չի կարող ժխտել, որ Ղրիմը պատմականորեն, մշակույթի ու լեզվի առումով ռուսական է: Անօգուտ է խոսել այն մասին, որ Ռուսաստանը պետք է հեռանա Ղրիմից, դա երբեք տեղի չի ունենա»,-ասել է Ֆիյոնը:

Նա առաջարկել է Ղրիմի ճակատագրի շուրջ ՄԱԿ-ի հովանու ներքո կազմակերպել խորհրդաժողով, «որը թույլ կտա լուծում գտնել»:

Նա նաեւ դեմ է արտահայտվել Եվրամիությանը Թուրքիայի հնարավոր անդամակցությանը: «Ես դեմ եմ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը,-ասել Է Ֆիյոնը:- Հարկավոր է Թուրքիային առաջարկել՝ քննարկել տնտեսական համագործակցությունը եւ բարձր մակարդակի անվտանգությունը»: Նա նշել է, որ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունը կարող Է դառնալ «դանդաղ գործողության շատ վտանգավոր ռումբ», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում