Մոնտելա. «Ռոման» «Միլանից» ուժեղ էր թիմով, անհատներով ու մարզչով

«Միլանի» գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելան կարծիք է հայտնել Ա Սերիայի 35-րդ տուրում «Ռոմայից» 1:4 հաշվով կրած տնային ծանր պարտության մասին:

«Եկեք ավելորդ չերկարացնենք. «Ռոման» ավելի ուժեղ էր թիմով, անհատներով, ինչպես նաև մարզչական նստարանով: Մենք Պաշալիչի գոլից հետո հույս ունեինք, որ կկարողանանք դրական արդյունքի հասնել, սակայն «Ռոման» ավելի ուժեղ էր և արժանիորեն հաղթեց:

Նման անհաջող ելույթի համար մի քանի պատճառներ կա, բայց դրանք ֆուտբոլիստների ֆունկցիոնալ վիճակի հետ կապված չեն, ոչ էլ կենտրոնացվածության բացակայության հետևանքով են: Թիմում շատ երիտասարդներ կան, որոնց վրա դրված մեծ սպասելիքները ճնշում են գործադրում:

Կարծում եմ` այս արդյունքը որոշեց 5-րդ տեղի համար պայքարի ելքը, սակայն մենք դեռ կարող ենք հասնել մեր նպատակին՝ մտնել թոփ-6: «Միլանը» պետք է մրցաշրջանը հաջող ավարտի և հայտնվի եվրագավաթներում: Դա է եղել մեր նպատակը»,- իտալացու խոսքերն է մեջբերում «Football Italia»-ն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում