Զվարթնոցում Մխիթարյան միաբանության գործունեությանը նվիրված ցուցադրութուն կբացվի

Ոչ միայն հայկական, այլև համաշխարհային մշակույթի պատմության մեջ բացառիկ նշանակություն և ուրույն տեղ զբաղեցրած Մխիթարյան միաբանությունն այս տարի կնշի Վենետիկի Սուրբ Ղազար կղզի մուտք գործելու 300-ամյակը:

Մխիթար Սեբաստացու, ինչպես նաև միաբանության գործունեությունը հանրության լայն շրջանակներին ներկայացնելու ու հանրահռչակելու նպատակով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենությունը նախաձեռնել է սեպտեմբերի 21-ին «Զվարթնոց» պատմամշակութային-արգելոց թանգարանում բացել «Ձայն տուր, ով կղզյակ» խորագիրը կրող ցուցահանդես: Այս մասին տեղեկացրին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պ! ատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից:

Հոգևոր, ուսումնակրթական, գիտական և մշակութային կազմակերպությունը հիմանդրել է Մխիթար Սեբաստացին` 1701 թ., Կոստանդնուպոլսում: 1717 թ. միաբանությունը հաստատվել է Վենետիկի մերձակա Սբ. Ղազար կղզում` վերածելով այն յուրահատուկ ոգեղեն Հայաստանի` կյանքի կոչելով Մխիթարյան միաբանության կարգախոսը`«Ի փառս Աստուծոյ եւ յանուն լուսաւորութեանն ազգի մերոյ»:

Ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքներն ընթանում են տարեսկզբից: ՊՈԱԿ-ի ցուցադրությունների կազմակերպման բաժնի վարիչ Էլմիրա Եսայանը Վենետիկ մեկշաբաթյա գործուղման ընթացքում ծանոթացել է արխիվային հարուստ ու հետաքրքիր նյութերի:

Նախանշվող ցուցադրությունը հավուր պատշաճի կազմակերպելու նպատակով «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը հանդիպել է Հայաստանի Մխիթարյան կրթահամալիրի պատասխանատու Հայր Եղիայի հետ, քննարկել` ցուցադրության կազմակերպչական աշխատանքներին, արխիվային ու բնագիր նյութերին առնչվող հարցեր:

«Մեծ պատիվ է համագործակցել Ձեզ հետ, Մխիթարյան միաբանությունն իրապես հայկական կղզի է Եվրոպայի մեջ: Այս գործակցությունն սկիզբն է այն մեծ աշխատանքի, որ կարող ենք միասին կյանքի կոչել` մեր մշակութային ժառանգությունը ողջ Եվրոպայում հանրահռչակելու համար: Վստահեցնում եմ, որ այդ առումով Դուք հուսալի գործընկեր ունեք», – իր խոսքում ասել է Արա Թարվերդյանը:

ՊՈԱԿ-ի տնօրենը նաև խոսել է Մխիթարյան միաբանության արխիվային հարուստ նյութերի որոշ մասը ցուցադրությանը ներկայացնելու, մասնավորապես`միաբանության կազմավորմանը վերաբերող հռչակագրի, միաբանությունում սովորած ու աշխատած նշանավոր մարդկանց, օտարազգի հանճարների բնագիր նյութերի, անձնական իրերի և այլնի մասին:

Հայր Եղիան էլ պատրաստակամություն է հայտնել ՊՈԱԿ-ի ցուցադրությունների բաժնի հետ համատեղ աշխատել յուրաքանչյուր նյութի մշակման, հավաքման ուղղությամբ: Նրա խոսքով, ցուցադրությանը ներկայացվելիք արխիվային նյութերի համար էլ հարկ կլինի գրությամբ դիմել Վենետիկ` Մխիթարյան միաբանությանը:

Հայկական ոգով ու շնչով համակված միաբանության գործունեությունը ժամանակին լավագույնս բնորոշել է Մխիթար Սեբաստացին. «այստեղ տիրում է հայրենաշունչ մթնոլորտ` Աղօթքի հետ` աշխատանք, առաքինության հետ` հայրենասիրութիւն, հաւատքի հետ` գաղափարական սեւեռակէտ, եւ միշտ Հայաստան, ամէն ինչ Հայրենիքի համար, հայ ժողովուրդի համար…»:

Հենց այդ բարձր արժեքները կրող արժանի հայերի, նրանց ներդրած ավանդի մասին էլ կպատմի Հայաստանի անկախության տոնի օրը կրկնակի տոնական դարձնելու միտումով նախանշվող ցուցադրությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում