ՉԼ․ Ընթացիկ խաղարկության լավագույն ռմբարկուները

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչից առաջ թվում էր, թե մրցաշարում վերջին 4 տարիներին լավագույն ռմբարկուների աղյուսակում Կրիշտիանու Ռոնալդուի գերակայության վերջը եկել էր: «Բավարիայի» դեմ խաղերում խփած 5 գոլը և «Ատլետիկոյի» դեմ մրցավեճում ձևակերպած հեթ-տրիկը «Ռեալի» հարձակվողին նորից առաջ մղեցին: Լիոնել Մեսսիին հասնելու համար Ռոնալդուն ընդամենը մեկ խաղ ունի՝ «Յուվենտուսի» դեմ եզրափակիչը:

Չեմպիոնների լիգայի 2016-17թթ. լավագույն ռմբարկուները

  1. Լիոնել Մեսսի – «Բարսելոնա» – 11 գոլ
  2. Կրիշտիանու Ռոնալդու – «Ռեալ» – 10 գոլ
  3. Էդինսոն Կավանի – «ՊՍԺ» – 8 գոլ
  4. Ռոբերտ Լևանդովսկի – «Բավարիա» – 8 գոլ
  5. Պյեր Էմերիկ Օբամեյանգ – «Բորուսսիա» Դ. – 7 գոլ

Ընթացիկ խաղարկության առաջին 7 խաղում Ռոնալդուն ընդամենը 2 գոլ էր խփել ու 1/4 եզրափակչից առաջ 9 գոլով հետ էր Մեսսիից: Մյունխենցիների դեմ Ռոնալդուի անհավանական խաղը նրան թույլ տվեց հատել 100 գոլի սահմանն ու այդ ցուցանիշով առաջինը դառնալ Չեմպիոնների լիգայում։ Նա նաև ընթացիկ խաղարկության լավագույն ռմբարկուների աղյուսակում մոտեցավ Մեսսիին: Բացի այդ, պորտուգալացին արգենտինացուց առաջ է անցել ՉԼ-ում ձևակերպած հեթ-տրիկների քանակով (7):

Արգենտինացին իր վիճակագրությունը բարելավելու հնարավորություն այլևս չունի, իսկ Ռոնալդուն այսօր կարող է շրջանցել նրան, եթե «Յուվենտուսի» դեմ խաղում գոլի հեղինակ դառնա: Եթե նրան հաջողվի Մեսսիից առաջ անցնել, ապա կդառնա առաջինը, ով Չեմպիոնների լիգայում 5 մրցաշրջան անընդմեջ կգլխավորի լավագույն ռմբարկուների աղյուսակը:

Լավագույն ռմբարկուները մի քանի մրցաշրջան անընդմեջ

  • Կրիշտիանու Ռոնալդու «Ռեալ» – 2012-13, 2013-14, 2014-15, 2015-16
  • Լիոնել Մեսսի «Բարսելոնա» – 2008-09, 2009-10, 2010-11, 2011-12
  • Գերդ Մյուլեր «Բավարիա» – 1972-73, 1973-74, 1974-75
  • Ժան-Պյեր Պապեն «Օլիմպիկ», «Միլան» – 1989-90, 1990-91, 1991-92:
Հետևեք մեզ նաև Telegram-ում