Աշնանը հացի շուկան կհամալրվի առողջարար հաճարի հացով

Եվրոպական շուկայում աչքի ընկնող հայկական հաճարը

Հաճարի օգտակար հատկությունները Հարություն Մնացականյանը սկսեց մանրակրկտորեն ուսումնասիրել այն ժամանակ, երբ որոշեց զբաղվել այդ օրգանիկ հացահատիկի մշակությամբ: «Մենք` հայերս, հաց ուտող ազգ ենք: Բայց ցորենի հացը, որը հիմնականում օգտագործում ենք, պարունակում է մեծ քանակությամբ գլյուտեն (սոսնձանյութ): Այն վնասակար է հատկապես շաքարային դիաբետով հիվանդ մարդկանց համար: Հաճարը, ի տարբերություն ցորենի, գլյուտեն չի պարունակում, բացի այդ, հարուստ է մի շարք վիտամիններով»,-ասում է երիտասարդ գյուղատնտեսն ու ավելացնում,-ուղղակի հայերը հացահատիկային այդ կուլտուրայի մասին քիչ բան գիտեն»:

Մասնագիտությամբ մարքետոլոգ լինելով` Հարություն Մնացականյանը շատ լավ էր հասկանում` հաճարի արտադրության մեջ հաջողություն ունենալու համար նախ պետք էր տեղեկատվության խնդիրը լուծել: Այստեղ օգնության հասավ ֆեյսբուքը. հաճարի օգտակարության մասին հրապարակումները հետաքրքրություն առաջացրին մարդկանց մոտ, որին հետևեցին գործնական քայլերը. Արցախում հողակտոր վարձակալեց ու հաճար ցանեց:

«2010 թվականից եմ զբաղվում հաճարի արտադրությամբ: Զգացի, որ այն սկսել է դուրս մնալ մեր կերակրացանկից, մինչդեռ Եվրոպայում` հատկապես Իտալիայում և Գերմանիայում, լայնորեն օգտագործվում է հաճարը: Քանի որ եվրոպական երկրներում ավելի լավ գիտեն դրա օգտակարության մասին, ուստի նախապատվություն են տալիս հաճարի հացին, մակարոնեղենին: Հայաստանում ևս շուտով` հավանաբար աշնանը, սպառողը հնարավորություն կունենա գնելու հաճարի հաց»,-վստահեցնում է Հարությունը և հավելում, որ Հայաստանում օրգանիկ հացահատիկի առաջին սերտիֆիկատն ինքն է ստացել:

Ամերիկյան ու եվրոպական ստանդարտները բավարարելուց հետո միայն Հարություն Մնացականյանի հիմնած «Արգրեյն» ընկերությունը սկսեց հացի փորձարկումները: Հացի ստացման 55 փորձ արդեն արվել է, սակայն կատարյալ որակ ստանալու համար դեռ շարունակում են աշխատել. սեպտեմբեր-հոկտեմբերին արդեն հացը կմտնի շուկա:
Գյուղատնտեսի` հացի արտադրության և իրացման հետ կապված կանխատեսումներն արդարանալու դեպքում, հաճարի արտահանումը, որ 2013-ից իրականացվում էր մեծ ծավալներով, դժվար ստացվի. հազիվ հասցնեն բավարարել տեղական շուկայի պահանջները. «Եթե ամեն ինչ իմ կանախատեսածով ընթանա, ապա տեղական շուկայում հաճարի դեֆիցիտ կլինի. տարեկան մոտ 800-900 տոննա հաց կվաճառվի»:

Օրգանիկ հացահատիկին հերթափոխած սիսեռն ու քինոան` արտաքին շուկայի «թեկնածուներ»

Եվրոպական շուկա, հնարավոր է, այլևս չմտնի հայկական հաճարը, որն, ի դեպ, ավելի որակյալ է, քան եվրոպականը. երիտասարդ գյուղատնտեսը պատկերը ներկայացնում է թվերով. մեր արտադրած հաճարի պրոտեինները մոտ 19 տոկոս է, եվրոպականինը` 11-12: Մեր արտադրանքի կալորիականությունն էլ է բարձր` 360 կկալ` այն դեպքում, երբ եվրոպականին մինչև 300 կկալ է: Եվրոպացիները հայկական հաճարից կզրվեն` փոխարենը ստանալով հայկական հողում աճեցված սիսեռ ու քինոա (սագախոտ):

«Այս տարի հաճարի փոխարեն սիսեռ ու քինոա եմ ցանել: Նախ` տարբեր մշակաբույսեր ցանելու դեպքում հողը չի դեգրադանում, և երկրորդ` Եվրոպայում հաճարի ավելցուկ է նկատվում: Իսկ սիսեռի պահանջարկն աճել է թե´ եվրոպական, թե´ ասիական շուկաներում»,-ասում է Հարությունը:

Սիսեռի ցանքատարածությունները քիչ են` մոտ 10 հա, քինոայինը` դրանից քիչ: Սիսեռի մի մասը հնարավոր է տեղում իրացվի, մյուս մասն արտահանվի, իսկ քինոան, հավանաբար, լրիվ կհանվի արտաքին շուկա: Այս բույսի` հայկական խոհանոց մտնելու շանսերը քիչ են, գլխավոր պատճառը գինն է. մեկ կգ քինոայի մանրածախ գինը 5000-6000 դրամ է: Ի տարբերություն մեր խոհանոցի` եվրոպականում այն տարածված է, հատկապես աղցանների ու մանկական կերերի մեջ է օգտագործվում (այն համարվում է մայրական կաթի փոխարինող):

Ամեն ինչ ըստ պլանավորածի լինելու դեպքում Հարություն Մնացականյանը մտադիր է մյուս տարի ընդլայնվել թե´ սիսեռի, թե´ քինոայի ցանքատարածությունները:

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում