Գրքի երևանյան փառատոնը կփորձի ամրացնել գրող-հրատարակիչ-ընթերցող շղթան
Նմանատիպ
Գրքի երևանյան առաջին փառատոնն մեկ հարկի տակ է համախմբել ընթերցողին, հրատարակչին ու գրողին։ Այսօր մեկնարկած փառատոնի երեք օրերի ընթացքում ընթերցասերը հնարավորություն կունենա ընթերցել, ձեռք բերել ինչպես իր կողմից սիրված հեղինակների ստեղծագործությունները, այնպես էլ ծանոթանալ նոր ու ժամանակակից գրողների աշխատանքներին։ Այս մասին տեղեկցնում է Panorama.am-ը։
«Այս փառատոնը գալիս է լրացնելու այն բացը, որը կա ժամանակակից հայ գրականության հանրահռչակման գործում։ Վստահ եմ՝ Գրքի եռօրյա փառատոնի մասին դեռ երկար ենք խոսելու, քննարկելու և ամենակարևորը հիշելու»,- փառատոնի բացման հանդիսավոր արարողությունից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Փառատոնի կազմակերպիչ, «Միհր» ստեղծագործողների միության նախագահ Շողակաթ Մլքե-Գալստյանը։
Նրա խոսքով՝ այսպիսով փորձ է արվում գրող-հրատարակիչ-ընթերցող շղթան ամրացնել, նոր հրատարակությունների մասին տեղեկատվությունն առավել հասանելի դարձնել:
Մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանի կարծիքով՝այս փառատոնը վաղուց հասունացաց անհրաժեշտություն էր մշակութային կյանքում։
«Մենք վաղուց կարիք ունեինք այսպիսի տոնի՝ գրականություն ստեղծողների, այն տարածողների և պարզապես ընթերցողների համար։ Կարծում եմ՝ փառատոնն ունի բոլոր նախադրյալները հետագայում վերածվելու ամենամյա միջազգային հարթակի»,- նշեց փոխնախարարը։
Եռօրյա փառատոնը կանցկացվի մի քանի փուլով՝ գրքի ցուցահանդես-տոնավաճառ, որի ընթացքում գրքերը կվաճառվեն մինչև 30 տոկոս զեղչով, վարպետության դասընթացներ։
Կլինի նաև ընթերցանություն և անտիպ գործերի մրցույթ, որին մասնակցության 133 հայտ կա։ Մրցանակային գումարները կփոխանցվեն հեղինակների ընտրած հրատարակիչներին, որոնք կպարտավորվեն մեկ տարում հրատարակել գրողի ժողովածուն կամ վեպը։ Հաղթողները կորոշվեն մասնագիտական հանձնաժողովի ձայների՝ 60, հանրության ներկայացուցիչների ձայների 40 տոկոսով։ Ընթերցանության սրահում մրցույթի մասնակից հեղինակները կկարդան իրենց ստեղծագործությունները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում