Աշուղի սերը
Նմանատիպ
Մի ջահել-ջիվան, ամա շատ աղքատ տղա յա լինում։ Էս տղեն սիրահարվում ա մի հարուստ մարդու աղջկա։ Աղջիկն էլ ա սիրահարվում էս տղին։ Ամա աղջկա հերը ոտը գետնովն ա տալիս, թե էդ աղքատ տղին ես աղջիկ չեմ տա։
– Ախր ի՞նչի չես տա,- ասում ա կնիկը,- որ իրար սիրել են, թող առնեն իրար, ինչի՞ ես հոգուդ մեղք անում։
– Չէ որ չէ,- ասում ա մարդը,- իմ խոսքը խոսք ա։ Կնիկը ձենը փորն ա գցում, տազ անում։
Տղեն, որ իմանում ա աղջկա հոր ասածը, հենց իմանում ա գլխին կրակ վառվեց։ Ւնչ անում ա, չի անում՝ բան չի դառնում։ Մին ուզում ա իրա գլուխը մահի տա, մին ուզում ա աղջկա հորը տա՝ սպանի, ամա ձեռիցը ինչ կգար։ Զոռը հարստի կողմն էր։ Սերը սիրտն ընկած՝ հալվում մաշվում ա։ Ուզում ա, թե գժվի։ Օրվա մի օր ալևոր աշուղ ա գալիս դրանց կողմերը։ Շատ անուշ երգեր ու խաղեր ա ասում, լսողին խելքից հանում։
էս տղեն ընկնում ա աշուղի ոտը, թե.
– Աշուղ պապի, ես վառվեցի-խորովվեցի, ինձ սազ ածել սովորացրու, որ գնամ սազ ածեմ, խաղ ասեմ, դարդս լամ ու գլուխս վայ տամ։
– Լավ,- ասում ա ալևոր աշուղը,- համա պետք ա իմանամ դարդդ ի՞նչ ա։
Էդ ջահել տղեն սիրտը բաց ա անում աշուղին, մին-մին պատմում, ոնց որ ես ձեզ պատմեցի։
Ալևոր աշուղը մի խոր ախ ա քաշում, իր ջահելությունը միտը բերում։
– Լավ,- ասում ա,- որդի, որ էտենց ա, արի՝ սովորացնեմ։
Անց ա կենում մի ամիս, մի տարի, էս ջահելը էնպես սազ ածել ու երգել ա սովորում, որ նրան լսելիս, չէ թե մարդիկ՝ քարերն էլ են լաց լինում։
Էս տղեն ա՝ հեռանալ կա, մոռանալ չէ, սազը թևին գցած, ընկնում ա գեղե-գեղ, քաղքե-քաղաք, ամեն տեղ իրա սերը երգում, սազ ածելով իրա դարդը մարդկանց պատմում։
Վերջը, հեռու-մոտիկ, գալիս ա հասնում թագավորանիստ քաղաքը։ Թագավորը տեսնում ա՝ հրես մի ջահել-ջիվան տղա էկավ, սազը ձեռն առավ, էնպես մի ածեց ու խաղ ասեց, որ լսողի սիրտը մղկտացրեց։
Թագավորը ղրկում ա նազիր-վեզիրին, սրան բերել ա տալիս իր պալատը.
– Այ տղա,- ասում ա,- ասա մի տեսնենք, ի՞նչ ա քու դարդը։
– Թագավորն ապրած կենա,- ասում ա տղեն,- Ի՞նչ ասեմ քեզ, իմ դարդը՝ սարերից ծանդր ա, ծովերից խոր։ Դու ինչ կարաս անես։
Թագավորը ունքերը կիտում ա, միրուքը ձեռն առնում, ոտից գլուխ չափում էս ջահել տղին, թե,
– Այ տղա, թագավորը որ չկարենա, ո՞վ կկարենա։ Ասա, տեսնենք դարդդ ի նչ ա։
Էստեղ թագավորի հրամանով տղեն պատմում ա իրա դարդը։
– Նազիր,- ասում ա թագավորը,- մարդ ղրկեք, բերեք էդ աղջկան, տեսնենք էդ ի՞նչ աղջիկ ա, որ էս տղեն էսպես յարա-փարա գովում ա աղջկան։ Տեսնենք դրո՞ւստ ա ասածը։
Աղջկան բերում են… Թագավորը սրան որ տեսնում ա, մտքումն ասում ա՝ «Բա, էս տեսակ սիրուն, ջահել-ջիվան տղեն սիրահարվի էս աղջկա՞ն»։
– Այ տղա,- ասում ա ,- է՞ս ա քու սիրած աղջիկը։
– Հա, թագավորն ապրած կենա, հենց էդ ա։
– Այ աղա,- ասում ա թագավորը,- տո տնաքանդ, ի՞նչ ես գտել էդ աղջկա մեջ, որ գիշեր-ցերեկ էրվում վառվում ես սիրուց։ Էդ աղջիկը, որ ինձ հարցնես, մի բուռ ալիր չարժի։
– Թագավորն ապրած կենա,- ասում ա տղեն,- արի մեր աչքերը հանենք, իմ աչքերը դնենք քու աչքերի տեղը, էն վախտը կտեսնես, որ էդ աղջիկը քեզ կերևա աշխարհի ամենասիրուն աղջիկը։
Թագավորը շատ զարմանում ա պատասխանի վրա։ Խորը մտածմունքի մեջ ա ընկնում։ Վերջը տեսնում ա, որ տղի ասածը խելոք ու ճշմարիտ ա։
Նոր էստեղ սրանց առոք֊փառոք պսակում ա, յոթ օր, յոթ գիշեր հարսանիք անում, ջահելներին իրենց մուրազին հասցնում, ինքն էլ նրանց հետ ուրախանում, աշխարքով մին լինում…
Սրա վրա յա ասած էլի, մեր պապենական խոսքը, թե,
«Աչքը կտեսնի՝ սիրտը կսիրի»։
Հայ ժողովրդական հեքիաթ
Հետևեք մեզ նաև Telegram-ում