Չարաճճի Մոխրոտ, թափթփված փերի, անհոգ արքա ու հոգսաշատ արքայազն

Չարաճճի Մոխրոտ, թափթփված փերի, անհոգ արքա ու հոգսաշատ արքայազն

Պատրաստվում է ոչ դասական «Մոխրոտ»՝ Կամերային երաժշտական թատրոնում

Հայտնի են արեւմտաեվրոպական «Մոխրոտը» հեքիաթի Շառլ Պերոյի, Գրիմ եղբայրների եւ Ջամբատիստա Բազիլեի մշակումները: Սա ամենահայտնի «թափառող սյուժեներից» մեկն է եւ աշխարհի տարբեր ժողովուրդների մոտ հանդիպում է հեքիաթի հազարից ավելի տարբերակ: Մեզանում տարածված է Պերոյի մշակումը: Ի դեպ, նա 1697թ., 69 տարեկանում առաջին անգամ է հրատարակել հեքիաթների իր ժողովածուն: Պերոն իր հեքիաթներում հաճախ համարձակորեն հրաժարվել է թագավորների ու թագաժառանգների առջեւ խոնարհվելուց, նրանց ներկայացնելով եսասեր ու հիմար: Իսկ հերոսներն էլ ուժեղ ու չար հակառակորդին հաղթում են սեփական կամքի ու հնարամտության շնորհիվ:

«Մոխրոտին» անդրադարձել են Պրոկոֆեւը՝ բալետի, Ռոսինին՝ օպերայի ժանրերում, նկարահանվել են ֆիլմեր, բեմադրվել մյուզիքլներ: Վերջին շրջանում հեքիաթի տարբեր «ընթերցումներով» հաճախ փոփոխությունների է ենթարկվում ո՛չ միայն հեքիաթի սյուժեն:

Օրինակ, 2015թ. ամերիկացի Քենեթ Բրանանի ռեժիսուրայով ստեղծվել է համանուն գեղարվեստական, ռոմանտիկ, ֆանտաստիկ ֆիլմը: Երեւանում, եթե չենք սխալվում, հեքիաթին անդրադարձել են Ստանիսլավսկու անվան պետական ռուսական թատրոնում՝ ռեժիսոր Նորա Գրիգորյանը, Կամերային երաժշտական թատրոնում՝ Արման Միրիջանյանը: Սակայն ինչ-ինչ պատճառներով տեւական ժամանակահատված է, ինչ հիշյալ թատրոնների խաղացանկում չենք հանդիպում ներկայացմանը:

«Առավոտի» տեղեկություններով՝ Կամերային երաժշտական թատրոնում (տնօրենի պաշտոնակատար՝ Եղիշե Խերանյան) սկսվել են «Մոխրոտի» բեմադրական աշխատանքները Գոհար Փոքրիկյանի ռեժիսուրայով եւ Արգինա Հարությունյանի երաժշտությամբ: Գոհար Փոքրիկյան ռեժիսորը ծանոթ է մեր հանդիսատեսին: Նա Վահե Հայրապետյանի երաժշտությամբ նույն կամերային երաժշտականում ժամանակին բեմադրել է Ալյոնա Չուբարովայի «Խաղալիքների մոլորակ» մանկական երաժշտական ներկայացումը Վահե Հայրապետյանի երաժշտությամբ, կոմեդիայի թատրոնում էլ իբրեւ երկրորդ ռեժիսոր բեմադրել է Արամ Սաթյանի երաժշտությամբ Լեռ Կամսարի «Մենք»-ը եւ Մարտին Վարդազարյանի երաժշտությամբ՝ Երվանդ Օտյանի «Զվարճալի պատերազմ կամ վտանգավոր օտարամոլությունը»: Վերջերս էլ Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում կայացավ նրա բեմադրությամբ Ալյոնա Չուբարովայի եւ Իրինա Եգորովայի «Հեքիաթում ապրող արքայադուստրը» ստեղծագործության պրեմիերան:

Մեզ հետ հանդիպման ժամանակ երիտասարդ ռեժիսորը հավաստիացրեց, որ իրենց «Մոխրոտի» պրեմիերան Կամերային երաժշտական թատրոնում նախատեսված է Ամանորի տոներից հետո՝ «Մոխրոտիկ. երազանքներն իրականանում են…» վերնագրով:

Կանխելով մեր հարցը, ասաց, որ իր բեմադրության մեջ գործող կերպարներ են նաեւ մկները, որոնք իրենց կարեւոր դերակատարումն ունեն. «Մեր իմացած դասական, հեզ Մոխրոտին չեք հանդիպի, նա չարաճճի է կամ, ասենք, փերին շատ թափթփված է, ներկայանում է եւ որպես հրաշագործ, եւ հեքիաթասաց: Բեմադրության մեջ արքայազնի ու արքայի հարաբերությունները հակառակ բեւեռներում են գտնվում: Այսպես՝ արքան շա՜տ անհոգ է, թռվռան, իսկ ամբողջ հոգսը արքայազնի ուսերին է… Կարճ ասած՝ ինձ մոտ «Մոխրոտը» տեղափոխվել է մեր իրականություն, նա մեզանից մեկն է»:

Մեր զրուցակիցը հավելեց նաեւ, թե Մոխրոտը, իր խոսքերով՝ հենց հանդիսատեսի առջեւ մեկ վայրկյանում փոխվում է արքայադստեր, դդումը վերածվում է կառքի, մուկը՝ կառապանի: Երաժշտության հեղինակ Արգինա Հարությունյանը մասնագիտությամբ թեեւ դաշնակահար է, ներկայուս ուսանում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մագիստրատուրայում, պրոֆեսոր Արմեն Բաբախանյանի դասարանում, սակայն հայտնի է իր երգերով եւ 2010թ. էլ հեղինակեց Կապանի տիկնիկային թատրոնի հիմնը:

Հետաքրքրությանը՝ ինչպես են իրեն վստահել «Մոխրոտի» երաժշտությունը եւ ինչպես նա հայտնվեց թատրոնում, Արգինա Հարությունյանը պատասխանեց. «Կամերային երաժշտականի դերասան Մարատ Խաչատրյանի հետ մենք աշխատել ենք Երեւանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջում, որտեղ ես դասավանդում էի երաժշտական ձեւավորում եւ երաժշտության պատմություն, նա էլ տվել է իր թեկնածությունը: Բացի դա, ռեժիսորը երգերիս ծանոթացել է համացանցից»: Նշեց նաեւ, թե բեմադրության մեջ օգտագործված են յոթ երգ (խոսքերը՝ Երազիկ Գրիգորյանի) եւ մի քանի երաժշտական, այսպես կոչված, անցումային համարներ, որոնք գործիքավորել է Վահե Հայրապետյանը: Հարցին՝ այնուամենայնիվ, իր դեպքում հնարավո՞ր է, որ կոմպոզիտորը «հաղթի» դաշնակահարին, մեր զրուցակցի պատասխանը հակիրճ էր՝ հնարավոր է… Զրույցի ընթացքում արվեստագետները նշեցին իրենց գործընկերների՝ խորեոգրաֆ Նակա Միրզոյանի, նկարիչ եւ զգեստների դիզայներ Մարիամ Մուրադյանի մասին, որոնց շնորհիվ ներկայացումը կստացվի վառ ու գունեղ: Ինչ վերաբերում է գլխավոր դերակատարներին, նրանց անունները համառորեն չբարձրաձայնեցին:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱ

Հետևեք մեզ նաև Telegram-ում