«Արի տուն» ծրագրով սփյուռքահայ պատանիներին ավելի շատ հյուրընկալում են մարզերում
Նմանատիպ
«Արի տուն» ծրագրով ավելի մեծ թվով պատանիների են հյուրընկալում մարզերի ընտանիքներում: Երևանի ոչ բոլոր վարչական շրջաններն են ակտիվ: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը:
«Արի տուն» ծրագիրն իրականացնում ենք արդեն տասը տարի: Ամեն տարի մասնակցում է մոտ 1000 մարդ: Այս տարի հայտերն անհամեմատ ավելի շատ են եղել`84 հայտ ունենք արդեն աշխարհի 10 երկրներից: Արդեն նախատեսում ենք, որ 150 երեխա կապրի Երևանի հյուրընկալ ընտանիքներում: Ավելի մեծ թվով` մարզերում: Մերձակա մարզերը` Արագածոտնը, Արարատը, Կոտայքը շատ ակտիվ են այս ծրագրում: Նախորդ տարի մոտ 220 մասնակից են ընդունել: Ցավոք, Երևանում ոչ բոլոր վարչական շրջաններն են ակտիվ»,-ասաց Գյանջումյանն ու հավելեց, որ նախորդ տարի «Ավան», «Կենտրոն», «Նորք-Մարաշ» և մի քանի այլ վարչական շրջաններում ծրագրի շրջանակում երեխաների չեն հյուրընկալել ընտանիքներ:
Գյանջումյանի խոսքով` սակայն այս տարի իրենք արդեն պայմանավորվել են մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների հետ համագործակցության համար: Ծրագրի շրջանակում ճամբարը կանցկացվի Աղավնաձորում: Բոլոր պայմաններն ապահովված են:
«Արի տուն»-ի նպատակն է Հայաստանը ճանաչելի դարձնել աշխարհասփյուռ հայ երիտասարդներին, նրանց մեջ սերմանել ազգային ինքնության գիտակցություն, ծանոթացնել իրենց ժողովրդի ավանդույթներին ու սովորույթներին, հայ ընտանիքներին: Ծրագրին մասնակցում են 13-17 տարեկան երեխաները: Առաջնահերթություն է տրվում նրանց, ովքեր չեն մասնակցել նախկինում: Այս տարի ծրագիրը կմեկնարկի հունիսի 17-ին և կշարունակվի մինչ օգոստոսի 25-ը` 8 փուլով: «Արի տուն»-ի շրջանակում ՀՀ սփյուռքի նախարարությունն ապահովում է երիտասարդների դիմավորումը և ճանապարհումը, կազմակերպում հայոց լեզվի դասընթացներ, այցելություններ թանգարաններ, շրջայցեր Հայաստանի տեսարժան վայրեր:
Նախորդ տարի «Արի տուն» ծրագիրը հյուրընկալել է 36 երկրից ժամանած 1056 սփյուռքահայ երիտասարդի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում