Ոստիկանները փորձում են վերականգնել Հաղթանակ կամրջի և կենտրոնի մի շարք փողոցների երթևեկությունը
Նմանատիպ
Հաղթանակի կամրջի վրա լարված իրավիճակ է: Ոստիկանները փորձում են ցուցարարներին ուղղորդել դեպի մայթեզր և վերականգնել ընդհատված երթևեկությունը: Ոստիկանները պատ են կազմել փողոցի ու մայթեզրի միջև և բոլորին խնդրում են դուրս գալ երթևեկելի հատվածից: Ոստիկանները բացում են նաև Խորենացի-Վազգեն Սարգսյան, Խորենացի-Մաշտոց, Ամիրյան-Մաշտոց հատվածների երթևեկությունը: Կան նաև բերման ենթարկվողներ:
Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթը ժամի 12:30-ի սահմաններում Ֆրանսիայի հրապարակից Սայաթ-Նովա, Աբովյան փողոցներով շարժվեց Հանրապետության հրապարակ, որտեղից էլ Վազգեն Սարգսյան փողոց, ուր տեղակայված են Գլխավոր դատախազության ու մի քանի նախարարությունների շենքերը: Դատախազության մոտ հավաքի մասնակիցներն իջեցրին ավտոմեքենաների անվադողները:
Ընդհանուր երթից որոշ քաղաքացիներ շեղվեցին ու վազեցին տարբեր ուղղություններով, նստարաններ ու աղբամաններ տեղափոխեցին փողոցների երթևեկելի հատվածներ: Այնուհետև ցուցարարները շարժվեցին Պետեկամուտների կոմիտեի, Կենտրոնական բանկի, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մոտ, որտեղ խմբերով սկսեցին շրջափակել մուտքերը:
Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարեց, որ պետք է գործողություններ կատարեն կառավարական շենքերի բնականոն աշխատանքը կաթվածահար անելու ուղղությամբ:
Հավաքի մասնակիցներից մի քանիսն էլ ԱԳ, ԿԳ, Սփյուռքի նախարարությունների շենքերի մոտ էին հավաքվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում