Բարև
Նմանատիպ
– Բ ա՛ ր և, –
Մեկ հատիկ այս բառն եմ ասում՝
Կնքված անձնագիր ցույց տալու նման,
Կենսագրություն պատմելու նման,
Կամ հարցաթերթիկ լրացնելու պես:
Եվ կուզենայի՛,
Շա՜տ կուզենայի,
Որ այս բառն իրոք դառնար անձնագիր
Աշխարհո՛ւմ համայն,
Ամենքի՛ համար:
Եվ կուզենայի՛,
Շա՜տ կուզենայի,
Որ նմանապես այս բառը լիներ
Նոր և իրական մի «Բացվի՛ր, Սեզա՜մ»:
– Բ ա՛ ր և, –
Ասեիր գնացքին,
Նավին
Կամ օդանավին,
Ու ներս մտնեիր.
«Բարև»-ըդ իբրև տոմսակ ընդունվեր:
– Բ ա՛ ր և, –
Ասեիր կնոջն անծանոթ,
Ու նա քեզ սիրեր հենց նո՛ւյն վայրկյանին
Կամ ներումնահայց ժպիտով ասեր,
Թե բարևե՜լ են քեզանից առաջ:
– Բ ա՛ ր և, –
Ասեիր, և պարզ երկինքը
Իսկո՛ւյն անձրևեր, եթե պետք է դա:
– Բ ա՛ ր և, –
Ասեիր լռակյաց հողին,
Եվ նա ծլարկեր ու հասկավորվեր:
– Բ ա՛ ր և, –
Ասեիր մահի՛ն էլ անգամ,
Եվ նա հասկանար, որ քեզ մոտ գալով՝
Ինքը շտապե՛լ,
Շա՜տ է շտապել…
Բա՛րև-ը դառնար իրական ու նոր մի… «Բացվի՛ր, Սեզա՜մ»:
Եվ այն ժամանակ եթե արջին էլ ասեիր
– Բ ա՛ ր և, –
Նա էլ միգուցե հենց նույն վայրկյանին
Խաղալիք դառնար մեր մանկան համար
Եվ մի այնպիսի՛ կարգին խաղալիք,
Որ ո՛չ լարվում է, ո՛չ էլ հասարակ բանից փչանում:
Այսպես էլ՝ օձը ծերերի ձեռքին ձեռնափայտ դառնար,
Կոկորդիլոսը դառնար պահարան խաղալիքների,
Կախարան դառնար եղջերուն վայրի,
Եվ փոթորիկը բեմի պարախումբ,
Մարդն էլ՝ Մա՜րդ իրոք…
Անկարելի բան աշխարհում չկա՜,
Եթե աշխարհում իշխում է բարին,
Որ մեր բերանում դարձել է
– Բ ա՛ ր և, –
Ուրեմն՝ անձնագիր ցույց տալու նման,
Կենսագրություն պատմելու նման
Կամ հարցաթերթիկ լրացնելու պես՝
– Բ ա՜ ր և, –
Քե՛զ
Ու
Ձե՛զ,
Ծանո՜թ-անծանո՜թ իմ սիրելիներ:
Թո՛ղ անկարելին դառնա կարելի
Աշխարհո՛ւմ համայն,
Ամենքի՛ս համար,
Դառնա կարելի վաղն ու հենց հիմա,
Դառնա կարելի մե՛կ բառով՝
– Բ ա՜ ր և…
Պարույր ՍԵՎԱԿ
19.II.1964թ.
Երևան