«Լիդիան Արմենիա»-ն կառավարությունից և ոստիկանությունից ակնկալում է իրենց իրավունքների վերականգնում

«Լիդիան Արմենիա»-ն կառավարությունից և ոստիկանությունից ակնկալում է իրենց իրավունքների վերականգնում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչները բարձրաձայնում են իրենց ազատ տնտեսական գործունեություն իրականացնելու իրավունքի խախտման մասին: Լրագրողների հետ հանդիպմանը իրավական խորհրդատու Արմեն Մելքումյանը նշեց, որ մի խումբ քաղաքացիների ակցիայի պատճառով տևական ժամանակ ընկերության 1500 աշխատակիցները չեն կարողանում իրականացնել իրենց աշխատանքային պարտականությունները, որի արդյունքում յուրաքանչյուր օր ընկերությունը կրում է վնասներ: Նրա խոսքով՝ իրենք հորդորել են կառավարությանն ու ոստիկանությանը իրականացնել քայլեր դեպի հանք ճանապարհը բացելու ուղղությամբ:

«Մենք կարծում ենք, որ այս պահին ոստիկանության կողմից իրականացվում են ոչ բավարար գործողություններ այդ ճանապարհները բացելու համար: Մենք գտնում ենք, որ այս անձանց (հեղ. ճանապարհը փակած քաղաքացիների) գործողություններում կան Քրեական օրենսգրքի որոշակի հոդվածներով նախատեսված հանցակազմի հատկանիշներ: Մենք հորդորել ենք կառավարությանը և ոստիկանությանը, որ այս անձանց նկատմամբ կիրառվի օրենսդրությամբ նախատեսված գործողությունները, բացվեն ճանապարհներն, ու ընկերությունը կարողանա իրականացնել իր տնտեսական գործունեությունը»,-ասաց Արմեն Մելքումյանը՝ հավելելով, որ այս ամենի արդյունքում ընկերությունը կրում է վնասներ:

«Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության կայուն զարգացման գծով փոխնախագահ Արմեն Ստեփանյանի վստահեցմամբ՝ իրենք տարիներ շարունակ աշխատել են տեղական ու միջազգային կազմակերպությունների հետ՝ռիսկերը բացահայտելու նպատակով: Ու այսօր հանգիստ խղճով կարող են ասել, որ հանքի շահագործման անվտանգ պայմաններ են ապահովում: «Մենք 2008 թվականից ամեն օր հետազոտություն ենք արել, տվյալ ենք հավաքել, 6 միլիոն դոլար փող ենք ծախսել, որ այսօր «դուխով» ասեմ, որ այո, ամեն ինչ նորմալ է»,-ասաց ընկերության ներկայացուցիչը:

Անդրադառնալով որոշ բնապահպանների մտահոգություններին, որ հանքի շահագործման դեպքում թթվային դրենաժի առաջացման վտանգ կա՝ Արմեն Ստեփանյանն ասաց. «Դա բացարձակ սուտ է, հիասթափեցնող սուտ»,-ասաց ընկերության կայուն զարգացման գծով փոխնախագահը:

Ջերմուկում անհնազանդության գործողություններ իրականացնող քաղաքացիները հայտարարել են, որ ճանապարհները շարունակում են փակ մնալ՝ չնայած վստահում, սիրում ու հարգում են կառավարության ղեկավարին: Հունիսի 25-ին ֆեյսբուքյան հարցուպատասխանի ժամանակ հարցին անդրադարձել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա կոչ էր արել քաղաքացիներին դադարեցնել անհնազանդության գործողությունները և թույլ տալ կառավարությանը զբաղվել այդ հարցով: Նա ասել էր, որ եթե այդ գործողությունների նպատակը սաբոտաժն ու կառավարության համար փակուղային իրավիճակներ ստեղծելը չէ, ապա դադարեցնեն բողոքի գործողությունները:

Հունիսի սկզբին «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը հայտարարություն էր տարածել, որում ասել էր, որ «Լիդիան Արմենիան» պատրաստ է ցանկացած ստուգման՝ բնապահպանական չափանիշների, սոցիալական կառավարման, ֆինանսական հոսքերի, բաժնետերերի կազմի, հարկային մուտքերի թափանցիկության և ցանկացած այլ չափանիշներով: Ամուլսարն ամենախոշոր միջազգային ներդրումն է Հայաստանում։ Կապիտալ ներդրումները ուսումնասիրության և հետախուզման փուլում կազմել են մոտ 90 մլն դոլար, իսկ մինչև ավարտը հանքավայրը շահագործման նախապատրաստելու համար շինարարական աշխատանքների և սարքավորումների ձեռքբերման ներդրումային ծախսերը կկազմեն ևս 370 միլիոն դոլար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում