Գագիկ Ծառուկյանի ստեղծած իրարանցումը

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ’ մայիսի 14-ին, իր և իր ընտանիքի նախաձեռնությամբ կառուցված եկեղեցու բացման արարողության ընթացքում հայտարարություն էր արել, ինչը մեծ աղմուկ էր բարձրացրել քաղաքական դաշտում ինչպես նաև համացանցում:

Բանն այն է, որ Գ. Ծառուկյանը, ըստ ԳԱԼԱ-ի հրապարակած նյութի, հայտարարել էր, որ ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն լինել:

Այսօր մի շարք քաղաքական գործիչներ անդրադարձան այդ թեմային:

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը ասել է, որ քաղաքական ուժի մասին պետք է դատել ոչ թե հապշտապ, ոտքի վրա արված հայտարարություններով, այլ վերջինի կատարած գործերով:

Նրա խոսքով’ ԲՀԿ-ն իշխող կոալիցիայի անդամ չէ, չի պաշտպանել Սերժ Սարգսյանի թեկնածությունը նախագահական ընտրություններում, նրան չի շնորհավորել, Ազգային ժողովի ընտրություններից հետո խորհրդարանում պաշտպանել է ՀԱԿ-ի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք նախաձեռնություններ, խորհրդարանական և հատկապես Երևանի ավագանու ընտրություններում համախմբված պայքարել է ընտրակեղծարար մեքենայի դեմ:

Իր հերթին ՀՀ ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Նաիրա Զոհրաբյանn, այս թեմայի շուրջ հարցազրույց է տվել Zham.am լրատվական պարբերականին:

Վերջինս նշել է, որ ակնհայտ է երկու բան’ Ծառուկյանի որոշ մտքեր հանվում են համատեքստից եւ փորձ է արվում դրանց հիմա վրա կառուցել գոյություն չունեցող քաղաքական սցենարներ:

Եւ երկրորդ’ անթաքույց է խիստ կոնկրետ շրջանակների հորթային պրիմիտիվ հրճվանքը’ իրենց կանխատեսմամբ’ ԲՀԿ-ի թուլացման, կամ մարգինալացման վերաբերյալ:

«Միանգամից ասեմ’ թիթեռի կյանք ունեցող հրճվանք եւ իրականության հետ կապ չունեցող կանխատեսումներ են, եւ պատրաստ եմ, որպես խմբակցության քարտուղար, կետ առ կետ տալ հստակ պարզաբանումներ: Նախ’ բազմիցս ասել ենք եւ հիմա եւս կրկնում եմ, որ ընդդիմություն եզրույթը մեզանում վաղուց արդեն լուրջ հստակեցման կարիք ունի»,-հավելել է նա:

Նշենք նաև, որ այս թեմայով  հաղորդագրություն է տարածել նաև ԲՀԿ առաջնորդ Գ. Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

Վերջինս հաղորդագրության մեջ նշել է, որ ԲՀԿ ղեկավարը չի զլանա և մեկ անգամ ևս բոլոր հարցերին անձամբ կտա սպառիչ պատասխաններ:

Ի. Տոնոյանը խորհրուդ է տվել, որ ոչ ոք ժամանակից շուտ հետևություններ չանի:

 
Աստղիկ Սահակյան 

Հետևեք մեզ նաև Telegram-ում