Լյուքս Ստեփանյանի սպանության բարոյական ողջ բեռը նախարար Օհանյանը վերցրեց իր վրա

Panorama.am-ը հրապարակել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի մեկնաբանությունը շարքային Լյուքս Ստեփանյանի և նրա սպանության հետ կապված իրարանցման մասին: 

Այս օրերին բոլորս ցնցում ապրեցինք. Պատուհասած ողբերգությունը խոցեց յուրաքանչյուրիս: Ինչպե՞ս պատահեց, ինչպե՞ս կարող էր պատահել, ինչու՞ առաջին հայացքից աննշան վիճաբանությունն ավարտվեց ողբերգությամբ: 

Զորային կառույցի ամենաստորին օղակում վերահսկողությունը թուլացել է. ահա թերևս այն հիմնական պատճառը, որը հանգեցրել է ողբերգության: Հետևաբար միանգամայն համարժեք պետք է համարել ողբերգությանն անմիջապես հետևած կտրուկ արձագանքը՝ զորամասի հրամանատարական կազմի պաշտոնանկությունը:

Եվս մի կարևոր խնդիր, որին անհրաժեշտ եմ գտնում անդրադառնալ: Զավակ կորցրած ծնողի վիշտն անսահման է և անփարատելի. նրա հոգում դատարկություն է, նա կորցրել է իր ամենաթանկը, նրա կյանքը զրկվել է իմաստից: Նման հոգեվիճակում հայտնված մարդուն մեղադրելու բարոյական իրավունք չունենք անգամ ամենաանկանխատեսելի արարքի համար: Որդեկորույս ծնողին համբերատար լսել և բառի բուն իմաստով վշտակցել է պետք: Եվ ահա հենց այս առումով էլ պաշտպանության նախարարի և ոստիկանապետի պահվածքը պետք է օրինակ դառնա տարբեր աստիճանի պաշտոնյաների համար:

Այո՛ պաշտպանության նախարարն առաջինը կիսեց որդեկորույս ծնողի վիշտը, քանզի ամեն նման ողբերգություն առաջին հերթին հարված է հենց իր թիկունքին. հարված նրանցից, ում թերացումը, անտարբերությունը կամ բռիությունը հանգեցրել է ողբերգության: Այո՛ կատարվածի ողջ բարոյական բեռը նախարար Օհանյանը վերցրեց իր վրա: Ի դեպ, աննկարագրելի ծանր է այդ բարոյական բեռը, ծանր է երբ ինքդ ունես այն նույն ապրումներն ինչ բոլոր մյուսները, երբ ասելիք ունես, բայց գիտես, որ զոհված զինվորի մորը ոչնչով չես սփոփի:

Սակայն կրկնում եմ. որդեկորույս ծնողի ցասումը լսելը, նրան ուշադրությամբ շրջապատելը միայն պաշտպանության նախարարի գործը չէ: Այս մարդիկ պետական կառույցների միջին և ստորին օղակներում չպետք է հանդիպեն անտարբերության: Ցանկացած պետական պաշտոնյա պետք է պատրաստ լինի լսել նրանց, լսել համբերատարությամբ, լսել, միաժամանակ չստեղծելով ավելորդ բյուրոկրատական քաշքշուկ:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում