Քաղաքագետ. Փաստացի Աննա Հակոբյանը տվել է գնահատական իր ամուսնու քաղաքականությանը

Քաղաքագետ. Փաստացի Աննա Հակոբյանը տվել է գնահատական իր ամուսնու քաղաքականությանը

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց՝ ԼՂ խնդրի կարգավորմանն ուղղված բանակացությունները սկսել է իր սեփական կետից:

Քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանից Panorama.am-ը հետաքրքրվեց, հաշվի առնելով Փաշինյան-Ալիև հանդիպումները, դրանց նախորդած ու հաջորդած հայտարարությունները, ո՞րն է վարչապետի կետը:

«Ես չգիտեմ՝ ինչ ի նկատի ունի վարչապետ Փաշինյանը, երբ խոսում է իր կետի մասին, որովհետև ակնհայտ է մի բան, որ դիվանագիտական առավելությունները, որոնք կային մինչ հեղաշրջումը հայկական կողմի ձեռքում, այլևս գործոն չեն: Սա միանշանակ է»,- ասաց քաղաքագետը:

Նրա խոսքով, Ադրբեջանի նախագահ Ալիևն օգտվել է ստեղծված իրավիճակից ու ձերբազատվել է Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի կապանքներից, ըստ էության չեղարկել է ապրիլյան ագրեսիայի քաղաքական բոլոր հետևանքներն Ադրբեջանի համար, կարողացել է լեզու գտնել միջնորդների հետ, ստեղծվել է նախկինի համեմատ ճիշտ հակառակ իրավիճակը, երբ միջնորդները լիակատար աջակցում են ադրբեջանական մոտեցումներին:

«Այս ամենը Փաշինյանը համարում է իր կետը: Ես չգիտեմ, միգուցե նա այլ բան է ցանկացել ասել, ուրի՞շ բան է ստացվել: Կամ պետք է պնդի, որ իր խոսքերը կոնտեքստից կտրված են ներկայացվել: Այդ պատճառով նրա ասածները մեկնաբանել գործնականում դժվար է դառնում, եթե չասեմ անհնար»,-ասաց նա:

Հրանտ Մելիք-Շահնազարյանն ընդգծում է, Վիեննայի ու Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածություններից հրաժարվելը չի բխում հայկական կողմի շահերից, ավելին նա համարում է, այս պարագայում ճիշտ են վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հայտարարությունը:

Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանը «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում բառացի ասել է. «Հակամարտության պատմության այս տարիների ընթացքում մենք բազամթիվ զոհեր ենք ունեցել երկու կողմից էլ, հազարավոր զոհեր ենք ունեցել, բայց մենք նրանց կլյանքը զոհաբերել ենք հանուն ոչնչի, որովհետև ոչ մի կերպ, ոչ մի սանտիմենտր անգամ այդ զոհերը մեզ չեն մոտեցրել հակամարտության կարգավորմանը»: Նկատենք, որ Հակոբյանի ասածները քննադատվեցին, ինչին հետևեց Փաշինյանի պարզաբանումը:

«Ապրիլյան պատերազմի ժամանակ մեզ հաջողվեց կոտրել ադրբեջանական քարոզչության բավականին լուրջ թեզեր ու մի շարք այլ գործոններ, որոնք անընդհատ կիրառում էին մեր դեմ նաև բանակցությունների ընթացքում: Մեզ հաջողվեց ցույց տալ աշխարհին, թե ով է խոչընդոտում տարածաշրջանի խաղաղությանը և ով է սպառնալիք անվտանգության համար:

Հիմա եթե հրաժարվում ենք Սանկտ Պետերբուրգի ու Վիեննայի պայմանավորվածությունների քաղաքական կապիտալիզացիայից, ապա ստացվում է, որ քաղաքական առումով, այո, այդ զոհերը, մեր կորուստները հանուն ոչինչի էին, իհարկե հասկանալի է, որ միայն քաղաքական գործոնների մասին չէ, որ պետք է մտածել առաջնահերթ, անվտանգության խնդիրն առավել կարևոր է: Բայց դե ինչ-որ չափով ու ինչ-որ մասով փաստացի Աննա Հակոբյանը տվել է գնահատական իր ամուսնու քաղաքականությանը»,-ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում